Microsoft-ը ֆինանսական տարվա առաջին եռամսյակում զուտ շահույթն ավելացրել է 32%-ով, հասույթը՝ 19%-ով

Ամերիկյան Microsoft Corp. ընկերությունը ֆինանսական տարվա առաջին եռամսյակում զուտ շահույթն ավելացրել է 32%-ով, իսկ հասույթը՝ 19%-ով։ Միաժամանակ ճշգրտված շահույթն ու հասույթը գերազանցել են շուկայի սպասումները։

Ինչպես նշվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, սեպտեմբերի 30-ին ավարտված եռամսյակի արդյունքներով զուտ շահույթը կազմել է 36.63 մլրդ դոլար կամ մեկ բաժնետոմսի հաշվով 4.92 դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 27.75 մլրդ դոլարի կամ մեկ բաժնետոմսի հաշվով 3.72 դոլարի դիմաց։

Միանվագ գործոնների ազդեցությունը չհաշված՝ շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով աճել է՝ հասնելով 4.89 դոլարի՝ նախորդ տարվա 4.13 դոլարի դիմաց։

Microsoft-ի եռամսյակային հասույթն աճել է՝ նախորդ տարվա 77.67 մլրդ դոլարից հասնելով 92.28 մլրդ դոլարի։

FactSet-ի հարցման մասնակից փորձագետները միջինում կանխատեսում էին մեկ բաժնետոմսի հաշվով 4.71 դոլարի ճշգրտված շահույթ և 90.62 մլրդ դոլարի հասույթ։

Անցած ֆինանսական եռամսյակում Microsoft-ի ամպային ծառայությունների ընդհանուր եկամուտներն աճել են 30%-ով՝ հասնելով 63.9 մլրդ դոլարի։

Agents and Infra սեգմենտի հասույթը, որն ընդգրկում է հավելվածներն ու գործակալները, այդ թվում՝ Microsoft 365-ը և GitHub-ը, ինչպես նաև Azure ամպային բիզնեսը, աճել է 25%-ով՝ հասնելով 76.8 մլրդ դոլարի։

Devices and Consumer սեգմենտի եկամուտը, որն ընդգրկում է որոնողական համակարգը, գովազդային բիզնեսը, Xbox խաղային կոնսոլների արտադրությունն ու Windows օպերացիոն համակարգը, նվազել է 3%-ով՝ կազմելով 15.48 մլրդ դոլար։

Ընթացիկ ֆինանսական եռամսյակում Microsoft-ն ակնկալում է 96-97.1 մլրդ դոլարի ընդհանուր հասույթ։ LSEG-ի տվյալներով՝ շուկայի կանխատեսումը 95.6 մլրդ դոլար է։

Ընկերությունը նաև ակնկալում է, որ Azure-ի և մյուս ամպային ծառայությունների եկամուտները, առանց արտարժույթի փոխարժեքների տատանումների ազդեցությունը հաշվի առնելու, կաճեն 49-50%-ով։ Visible Alpha-ի տվյալներով՝ վերլուծաբանների գնահատականը 47.6% է։

Անցած ֆինանսական եռամսյակում ընկերությունը բաժնետերերին է վերադարձրել 10.2 մլրդ դոլար՝ բաժնետոմսերի հետգնման և շահաբաժինների վճարման միջոցով։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment