Ամիսներով մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովում տեղի ունեցած բախումներից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ միջադեպին, TRIPP նախագծին և իշխանության վարքագծին։

Կարապետյանը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը ներկայացրեց որպես խորհրդարանական գործընթացում հնարավոր կոնֆլիկտի դրսևորում։

«Այսօր ինչ տեղի ունեցավ, դա, ընդհանրապես, պառլամենտարիզմի սովորական պրոցես է։ Ուղղակի մարդիկ, ովքեր ունեն տարբեր հայացքներ, կարող են ունենալ կոնֆլիկտ։ Ու այն մարդիկ, ովքեր ամիսներով ուղղակի մեր ներվերը սղոցում էին, այստեղ կերան, բերնին կերան ու վատ կերան»,- ասաց նա։

Խոսելով միջադեպի բնույթի մասին՝ Կարապետյանը հայտարարեց, որ այն «տղայական, հայկական, նորմալ կռիվ» էր՝ միաժամանակ նշելով, որ նման իրավիճակներում պետք է հստակ կարմիր գծեր լինեն։

«Տեսանք՝ ով ինչ արեց․ տղայական, հայկական, նորմալ կռիվ էր։ Էմոցիաներ են, բայց մի բան կարմիր գիծ պետք է ֆիքսենք»,- նշեց նա։

Կարապետյանն անդրադարձավ նաև TRIPP նախագծին և իշխանության խաղաղության օրակարգին։ Նա պնդեց, որ իշխանությունը նախընտրական շրջանում խաղաղության խոստումներով աջակցություն է ստացել, մինչդեռ այժմ TRIPP-ը ներկայացնում է որպես ապաշրջափակման ծրագիր։

«Դուք ժողովրդին խաղաղության սրտիկ անելով ձայն եք հավաքել, վերջում եկել եք, ասում եք՝ TRIPP-ը ապաշրջափակման համար է։ Ապաշրջափակմա՞ն, թե՞ խաղաղության։ Գցել եք, դուք մեր ժողովրդին եք գցել, Ալիևն էլ ձեզ է գցել»,- հայտարարեց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ ճանապարհների տրամադրումն ինքնին չի երաշխավորում խաղաղության հաստատումը, և իշխանությունը պետք է հստակ բացատրի՝ ինչ փոխադարձ պարտավորություններ են ստանձնվել։

Անդրադառնալով իշխանական պատգամավորների՝ կոռուպցիայի վերաբերյալ քննադատություններին՝ Կարապետյանը պնդեց, որ իր խմբակցության ներկայացուցիչներին կոռուպցիոն գործունեության մեջ մեղադրելու հիմքեր չկան։

«Եթե մեկը կարող է ասի մեր մոտից մեկը կոռուպցիոն թեմայի մեջ կարող է լինի, չի կարող ասի այդպիսի բան։ Մենք տասնամյակներով հարյուրավոր միլիոններ բերել, տվել ենք այս երկրին»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment