Շիրակի մարզպետը կազատվի՞ պաշտոնից ՌԴ–ի հասցեին արած գրառման համար. Փաշինյանի պատասխանը

Լրագրողը Փաշինյանին հարցրեց` արդյոք նա պատրաստվո՞ւմ է պաշտոնից ազատել Առուշանյանին, որի մուտքն արգելվել է Ռուսաստան, և արդյոք մտահոգություն չունի՞, որ իր մուտքը ևս հնարավոր է` սահմանափակվի։

«Դա մի իրավիճակ է, որ պետք է պարզվի ու պարզաբանվի։ Ինչի՞ են, էլի, այդքան Կիկոսի մահը սիրում, չեմ կարողանում հասկանալ. բա որ այսպես կամ այնպես լինի… Դեռևս քաջարի զինվոր Շվեյկն է պատասխանել այդ ժանրի հարցերին, ես այլ պատասխան չունեմ»,– հայտարարեց նա։

Վարչապետը խոստովանեց, որ շատ մանրամասն տեղյակ չէ, թե մասնավորապես ինչ է գրել մարզպետը, սակայն կարծում է, որ մաքսիմալ զգույշ պետք է լինել նման հարցերում։

«Ես կարծում եմ, որ պետք է մաքսիմալ կոռեկտ լինել։ Եթե մի անզգույշ բան է ավել, ես ցավում եմ ու հույս ունեմ, որ կշտկվի, կկարգավորվի»,– նշեց նա։

Նշենք, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն էր տարածել` իր տարակուսանքը հայտնելով Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի որոշ արտահայտությունների կապակցությամբ: Դեսպանությունը նաև նշել է, որ ինչ–որ «Իվանների» հիշատակումն ակամայից հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի գերմանացի նացիստների բառապաշարը։

Leave a comment