ՄԻՊ աշխատակիցները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպել են հացադուլ հայտարարած Աշոտ Բադալյանին

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ առանձնազրույցներ են անցկացրել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ երկար ժամանակ հացադուլ հայտարարած Աշոտ Բադալյանի հետ։

Դիտարկվել են անձանց իրավունքների ապահովմանը, առողջական վիճակին, անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրմանն ու պատշաճ բժշկական հսկողությանն առնչվող հարցերը։

Թեև հացադուլ հայտարարելն անձի իրավունքն է, ՄԻՊ ներկայացուցիչները Աշոտ Բադալյանին հորդորել են դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով հացադուլի երկարատև ընթացքն ու առողջական վիճակի վրա հնարավոր բացասական հետևանքները։

Հոկտեմբերի 28-ին հայտնի է դարձել, որ 44 օր հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Հարությունյանի նախագահությամբ, մերժել է Բադալյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը։ Այդ մասին հայտնել է պաշտպան Հայկ Հարությունյանը։ Այդ մասին հայտնել է «Փաստինֆոն»:

Աշոտ Բադալյանն ավելի քան մեկ տարի է, ինչ կալանքի տակ է մերձավորի, մասնավորապես՝ քրոջ որդու՝Հովհաննես Օլեգի Սուքիասյանի, սպանության գործով։ Ըստ քրեական վարույթի՝ Բադալյանը և քրոջ որդին վիճել են այգետնակի բանալիները վերցնելու հարցի շուրջ, հնչել են հայհոյանքներ, ինչից հետո կրակել է Սուքիասյանի ուղղությամբ։ Բադալյանը, սակայն, մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպանները պնդում են՝ ոչ թե սպանություն է տեղի ունեցել, այլ՝ անհրաժեշտ պաշտպանություն։ Ըստ պաշտպանների՝ Աշոտ Բադալյանի և նրա քրոջ որդու միջև տևական ժամանակ բավականին լարված հարաբերություններ են եղել։Աշոտ Բադալյանը սեպտեմբերի 14-ից հացադուլի մեջ է՝ համաձայն չլինելով մեղադրանքի հետ։

Leave a comment