Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցածից և հայտարարված ընդմիջումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին և ներկայացրեց միջադեպի վերաբերյալ իր գնահատականը։
Ռուբինյանը հայտնեց, որ ընդմիջման ընթացքում ուսումնասիրել է միջադեպի տեսագրությունները և, իր խոսքով, Տարոն Չախոյանի ելույթում որևէ վիրավորական արտահայտություն չի եղել։
«Պարոն Չախոյանը իր ելույթում չի օգտագործել գեթ մեկ վիրավորական բառ, զրո՛։ Լրիվ նորմալ ելույթ էր ունենում։ Դուք, պարո՛ն Կարապետյան, չեք տիրապետել Ձեզ, Ձեր էմոցիաներին, տեղից վեր եք, նախ սկսել եք վիրավորել պարոն Չախոյանին, հետո վեր եք կացել տեղից՝ փորձելով հարվածել Տարոն Չախոյանին»,- հայտարարեց Ռուբինյանը։
Նա նաև նշեց, որ իր ուսումնասիրած տեսագրությունների համաձայն՝ ծեծկռտուքի ընթացքում առաջին հարվածը հասցրել է Գառնիկ Դավթյանը՝ Տարոն Չախոյանին։
«Դրանից հետո, երբ որ սկսվեց ծեծկռտուքը, հատուկ նայել եմ, առաջին հարվածը հասցրել է Գառնիկ Դավթյանը Տարոն Չախոյանին»,- ասաց ԱԺ նախագահը։
Ռուբինյանն անդրադարձավ նաև ընդդիմադիրների այն քննադատությանը, թե անվտանգության աշխատակիցները միջադեպին ուշ են արձագանքել։ Նա պնդեց, որ անվտանգության ծառայությանը կանչել է ծեծկռտուքի սկսվելու պահին։
«Նախ ես հենց ծեծկռտուքը սկսել է, կանչել եմ անվտանգության աշխատակիցներին, և երկրորդը՝ համաձայնեք, մի փոքր տարօրինակ է սկսել ծեծկռտուք, հետո Ազգային ժողովի նախագահից բողոքել, թե ինչու ուշ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին։ Չսկսե՛ք ծեծկռտուք, որ նման իրավիճակներում չհայտնվեք»,- հայտարարեց նա։
Ռուբինյանը հիշեցրեց նաև խորհրդարանում բարեկրթության կանոններ պահպանելու վերաբերյալ իր նախկին կոչը՝ նշելով, որ դրանց չպահպանման դեպքում հակադարձ արձագանքը ավելի կոշտ է լինելու։
«Մենք առաջարկում ենք բարեկրթության կանոն․ կպահեք՝ կլինենք բարեկիրթ, չեք պահի՝ կստանաք 10, 20, 30, 40, 60 անգամ ավել։ Ու ստացաք, Աստված վկա, դուք ստացաք»,- ասաց նա։
ԱԺ նախագահը հայտնեց նաև, որ իրեն տեղեկություն է փոխանցվել խորհրդարանի միջանցքում տեղի ունեցած մեկ այլ միջադեպի մասին։ Նրա խոսքով՝ իրեն հայտնել են, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները հարձակվել են պատգամավորների վրա։
Ռուբինյանը շեշտեց, որ այդ տեղեկությունը դեռ պետք է ստուգվի։
«Պնդում չեմ անում, պետք է ստուգեմ, հանձնարարել եմ, որ ստուգեն։ Եթե հաստատվեց, այդ օգնականները անմիջապես դուրս են շպրտվելու Ազգային ժողովից, և իրենց մուտքը արգելվելու է Ազգային ժողով»,- հայտարարեց նա։
Դրանից հետո նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը խոսքը փոխանցեց Տարոն Չախոյանին՝ ելույթը շարունակելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան