«Պասպորտ-սեղանները» փակվում են, անձնագիր կարելի է ստանալ մոլերից․ Նիկոլ Փաշինյան

«Պասպորտ-սեղանները» փակվում են, անձնագիր կարելի է ստանալ մոլերից․ Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Վատ լուրն այն է, որ տասնյակ տարիներ մեր կյանքի անբաժան մասը դարձած «պասպորտ-սեղանները» փակվում են»: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտի տրամադրման նոր կարգը հաստատելու մասին նախագծին:

«Քանի որ ընտրությունների շրջանում և դրանից առաջ տարբեր բնակավայրերում մարդիկ ասում էին. «վա~յ, ինչո՞ւ եք մեր պասպորտ-սեղանները փակում», հիմա վատ բան է տեղի ունենում. բոլոր «պասպորտ-սեղանները» փակվում են: Մարդկանց անձնագիր ստանալու տեղը փոխվում է: Իհարկե հիմա՝ նոյեմբերից ամբողջ Հանրապետության տարածքում կլինի 14 տեղ՝ երկուսը մոլերում: Ինչու մոլերում: որովհետև մարդը ոնց է լինի իր կյանքի որևէ փուլում գնում է որևէ մոլ և մենք հնարավորինս մոտեցրել ենք մարդուն: Առաջին գործընթացով մարդը պետք է օնլայն գրանցվի և հետո, երբ որ մոլ է գնում առևտուր անելու վերցնի այն: Նախ պետք է իր բիոմետրիկ տվյալները հանձնի՝ մատնահետքերը և դեմքը, վճարում իրականացնի, որից հետո արդեն անձնագիրը ստանում է»,-ասաց վարչապետը:

Ներկայացնելով բիոմետրիկ անձնագրի առավելությունը Փաշինյանն ընդգծեց, որ ըստ էության այն հնարավոր չէ կեղծել:

«Բիոմետրիկ անձնագիր ունեցողները տեխնոլոգիաների զարգացման հետ Հայաստանի սահմանը հատելու են առանց սահմանապահի հետ որևէ կոնտակտ ունենալու: Այսինքն հիմա մենք աշխատում ենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում լինի և անցակետերում: Այլ երկրներում սա կգործի կախված մեր երկկողմ պայմանավորվածություններից: Օրինակ՝ կարող է Ֆրանսիայի կամ ԵՄ-ի հետ պայմանավորվենք, որ տվյալների փոխանակում ենք իրականացնում և դրսում էլ գնալ գալիս էլ սահմանային կետերը հատում է բիոմետրիկ անձնագրով»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը հավելեց, որ բիոմետրիկ անձնագրերի ներդրումը ոչ միայն մեծ հարմարավետություն է ապահովում մարդու շարժունակության համար, այլ նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում ունի անկյունաքարային նշանակություն:

«Հնարավոր չէ երկրում ունենալ իրական թվայնացում առանց բիոմետրիկ անձնագրի կամ ավելի ճիշտ նույնականացման քարտ: Սա մեր երկրում նշանակում է թվայնացման նոր էջի բացում: Երբ որ մարդը, այն հերթերում, երբ պետք է կանգներ և այլն, ամենատարբեր գործառույթներում խցանումների մեջ մնար կամ նույնիսկ խցանման մեջ մնալով ինքը կարող է այս համակարգով բազմաթիվ գործարքներ կատարի»,-ասաց վարչապետը:

Կարևորելով նաև անձնագրի ֆիզիկական որակը վարչապետը նշեց, որ այն համապատասխանելու է միջազգային ամենաբարձր ստանդարտներին:

«Համակարգի հանդիսավոր թողարկումը կսկսվի հոկտեմբերի 30-ին»,-ասաց վարչապետը:

Leave a comment