Ազգային ժողովում իրավիճակը լարվել է։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, որը մինչ այդ ընդմիջում չէր հայտարարում ու հորդորում էր կամ դադարեցնել ու նիստը վերսկսել, կամ շարունակել «ինքը կսպասի»՝ ստիպված է եղել ընդմիջում հայտարարել, քանի որ վեճը վերածվել է ծեծկռտուքի, հայտնում է Factor.am-ը:
ՔՊ–ական Տարոն Չախոյանն ԱԺ–ում ելույթի ժամանակ վիրավորել է ընդդիմադիրներին՝ «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին անվանելով «տուշոնկա գողացող Մանվելի օգնական», հետո անցել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ հայտարարելով, թե ինքը մեղավոր չէ, որ նրա ամբողջ ընտանիքը քաղաքականությամբ է զբաղվում, հայտնում է Sputnik Արմենիան:
«Պարո՛ն Կարապետյան, ես մեղավոր չեմ, որ Ձեր ամբողջ ազգուտակը զբաղվում է քաղաքականությամբ, այդ թվում՝ հորեղբայրը, հայրը… Հորեղբոր որդին շատ ակտիվ քաղաքականությամբ էր զբաղվում, անգամ նախարարություն էր պատրաստվում բացել մեր երկրում, մի նախարարություն, որն իր ձևակերպմամբ՝ պետք է բավարարեր բոլոր կանանց, ու մինչև էսօր էլ ներողություն չի խնդրել կանանցից դրա համար»,- հայտարարել է Չախոյանը։
Նարեկ Կարապետյանն արձագանքել է տեղից, որից հետո Չախոյանը բղավել է՝ «Արան ոտից գլուխ դո՛ւ ես», ինչից հետո ընդդիմադիր պատգամավորներն առաջ են եկել և սկսվել է հրմշտոց ու ծեծկռտուք։
«Հատուկ ընդմիջում չեմ հայտարարում, որ բոլորը տեսնեն սա։ Նիստը սենց շարունակվելու է, թող բոլորը տեսնեն»,–հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
ԱԺ-ում կրքերն այդպես էլ չհանդարտվեցին, ու բանը հասավ բռունցքների և ոտքերի, ՔՊ-ական պատգամավորներից մեկն ընկավ, ընդմիջում հայտարարվեց։
ԱԺ անվտանգության աշխատակիցները ծեծկռտուքից հետո դահլիճից հեռացրին միայն «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներին։
Խորհրդարանում բռնկված լարվածությունը չի թուլացել նույնիսկ անվտանգության աշխատակիցների միջամտությունից հետո․ պատգամավորների միջև բախումները շարունակվել են նաև դահլիճից դուրս, հայտնում է Radar.am-ը: