Քաղաքականություն
29.10.2026 | 11:55
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ժամանել է Թուրքիա։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօր նա Անկարայում մասնակցում է Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։
Այս այցը տեղի է ունենում Բաքվի և Անկարայի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին, որը սկսվել է Թուրքիայում բուռն քննադատություններ առաջացրած Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելքի որոշումից։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը սոցիալական ցանցերում գրառում էր կատարել՝ քննադատելով այդ որոշումը և կոչ անելով Բաքվին չեղարկել այն։ Բաքուն, իր հերթին, Անկարայից պահանջել է պաշտոնից հեռացնել Սարալին։ Ի վերջո, Սարալը պաշտոնանկ է արվել։
Թուրք հայտնի լրագրող Իսմայիլ Սայմազը, վկայակոչելով ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների և աղբյուրների, հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չէր մասնակցի Անկարայում հոկտեմբերի 29-30-ը կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, եթե Սարալը շարունակեր պաշտոնավարել։
Էմմա Չոբանյան