Iravaban.net-ը ուսումնասիրել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում ներկայացված՝ «Պետության կողմից ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշման նախագծի հիմնավորումը։
Նախագծով առաջարկվում է սահմանել պետական կրթաթոշակների տրամադրման միասնական կարգ՝ նախատեսելով երեք տեսակ՝ ակադեմիական, սոցիալական և նպատակային կրթաթոշակներ, ինչպես նաև ուսանողների ձեռքբերումների խրախուսման պետական մրցանակներ։
Նախագծի համաձայն՝ համապատասխան պայմաններին բավարարող ուսանողները կկարողանան միաժամանակ ստանալ մեկից ավելի տեսակի կրթաթոշակ և/կամ մրցանակ։ Այսինքն՝ կրթաթոշակի մեկ տեսակ ստանալն ինքնին չի սահմանափակի այլ տեսակի աջակցության հնարավորությունը։
Ի՞նչ կրթաթոշակներ են նախատեսվում
Ակադեմիական կրթաթոշակները նախատեսվում է տրամադրել բարձր առաջադիմությունն ու ակադեմիական բարեվարքությունը խրախուսելու նպատակով։
Սոցիալական կրթաթոշակները նախատեսված են սոցիալական որոշակի խմբերի պատկանող ուսանողներին աջակցելու և բարձրագույն կրթություն ստանալու ընթացքում առաջացող սոցիալ-տնտեսական խոչընդոտները նվազեցնելու համար։
Նպատակային կրթաթոշակների միջոցով նախատեսվում է ապահովել պետության համար առաջնահերթ մասնագիտական ուղղություններով անհրաժեշտ կադրերի պատրաստումը։ Այդ կրթաթոշակների տրամադրումը կարող է պայմանավորվել նաև ուսումը ավարտելուց հետո որոշակի կազմակերպությունում աշխատելու պարտավորությամբ։
Բացի այդ, նախատեսվում է ձեռքբերումների խրախուսման պետական մրցանակների համակարգ, որի միջոցով կճանաչվեն ուսանողների նշանակալի գիտական, ստեղծագործական, սպորտային և հասարակական ձեռքբերումները։
Ինչպե՞ս են սահմանվելու տրամադրման պայմանները
Նախագծով առաջարկվում է սահմանել կրթաթոշակների և մրցանակների տրամադրման պայմանները, շահառուների շրջանակը, վճարումների չափերը, համատեղման դեպքերը և ֆինանսավորման աղբյուրները։
Նախատեսվում է նաև կարգավորել անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման, դիմումների քննարկման, մրցութային ընթացակարգերի և արդյունքների հրապարակման գործընթացները։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ այս կարգավորումները նպատակ ունեն բարձրացնել պետական աջակցության տրամադրման թափանցիկությունը, հաշվետվողականությունն ու կանխատեսելիությունը։
Որքա՞ն գումար է նախատեսվում հատկացնել
Նախագծով նախատեսված կրթաթոշակներն ու պետական մրցանակները ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Պետական բյուջեի ծախսերի ծավալը կախված կլինի կրթաթոշակների տեսակներից, սահմանված չափերից, շահառու ուսանողների թվից և կրթաթոշակների համատեղման դեպքերից։ Պետական մրցանակների ծախսերը պայմանավորված կլինեն նաև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ուսանողների թվով և մրցանակների չափերով։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ անհրաժեշտ է իրականացնել համապատասխան ֆինանսական հաշվարկներ՝ որոշելու համար պահանջվող միջոցների ընդհանուր ծավալն ու դրանց տրամադրման հնարավորությունները։
Նախագծի ընդունումը հիմնավորվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի դրույթներով և կապվում է նաև մինչև 2030 թվականը կրթության զարգացման պետական ծրագրի ու Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության նպատակների հետ։
Նշենք, որ խոսքը կառավարության որոշման նախագծի մասին է։ Հետևաբար՝ ներկայացված կարգավորումները դեռևս առաջարկներ են և գործող կարգավորումներ չեն համարվում։