«Հայ գերիներին ներում շնորհելն անհնար է»․ Իլհամ Ալիև

France 24-ին տված հարցազրույցում Իլհամ Ալիևը խոսել է հայ գերիների մասին՝ նշելով, թե նրանց ներում շնորհելը անհնար է։ Ալիևը պնդել է, թե նրանք «անջատողականներ են», որոնք «ապօրինի գործել են» միջազգային հանրության, այդ թվում՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի Հանրապետություն ճանաչված տարածքում։

Չնայած Բաքվում անցկացված դատական նիստերին ոչ մի միջազգային լրատվամիջոց ներկա լինելու հնարավորություն չի ունեցել, դրանք լուսաբանել են բացառապես ադրբեջանական լրատվականները՝ Ադրբեջանի նախագահը պնդել է, թե նիստերն անցկացվել են լիովին թափանցիկ։

Նա խոսել է հայ գերիներին տրամադրված փաստաբանների մասին, մինչդեռ իրականում նրանց շահերը պաշտպանել են ադրբեջանցի փաստաբանները, քանի որ միջազգային փաստաբանների առաջ բազմաթիվ խոչընդոտներ են եղել։

Ալիևը Բաքվում տեղի ունեցող դատավարությունը «համեմատել է Նյուրնբերգյան դատավարությունների» հետ։ «Այս անձինք լուրջ հանցագործություններ են կատարել մարդկության դեմ»,- ասել է նա։

Ալիևի խոսքով, ԱՄՆ փոխնախագահի հետ մի քանի ժամ տևած հանդիպման ժամանակ նա այլ հարցերի շարքում բարձրացրել է նաև հայ գերիների հարցը․ «Ես ներկայացրել եմ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ»։

Նա նշել է, որ անցյալ տարի օգոստոսին Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովից հետո Հայաստանի հետ «խաղաղություն է ձեռք բերվել»։ «Ինձ համար հարցը փակված է»,- նշել է Ալիևը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment