Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ Բաքվում պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակման ու նրանց հետ տեսակցությունների հարցին։
Պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց, որ արդեն շուրջ մեկ տարի միջազգային որևէ կազմակերպություն, այդ թվում՝ Կարմիր խաչը, չի այցելել Բաքվում պահվող հայերին։ Նա հետաքրքրվեց՝ արդյոք Հայաստանի իշխանությունների կիրառած մեխանիզմները բավարար են եղել և ինչ քայլեր են ձեռնարկվել երրորդ երկրների միջոցով հումանիտար աջակցություն կամ տեսակցություններ ապահովելու համար։
«Արդեն մեկ տարի է, որ միջազգային որևէ կազմակերպություն չի այցելել նրանց, ներառյալ՝ Կարմիր խաչը։ Արդյո՞ք բավարար են եղել մեխանիզմները, որոնցով դուք դիմել եք, կամ կոնկրետ ի՞նչ մեխանիզմով եք դիմել, և արդյո՞ք այդ մեխանիզմները պատշաճ գործարկվել են»,- հարցրեց Գալստյանը։
Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ հայկական կողմը դիմել է տարբեր գործընկեր երկրների, սակայն այդ ճանապարհով արդյունքի հասնել չի հաջողվել։
«Հիասթափացնեմ Ձեզ, տիկի՛ն Գալստյան․ դիմել ենք, չի ստացվում։ Չեմ ուզում այդ երկրների անունները տալ, որովհետև դեռ աշխատելու ենք այդ երկրների հետ․ չի ստացվում երրորդ երկրներով»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները երրորդ երկրներին առաջարկել են հյուպատոսական ծառայություններ մատուցել կամ Բաքվում պահվող հայերի հետ տեսակցություններ կազմակերպել, սակայն ադրբեջանական կողմը չի ընդունել այդ միջնորդությունները։
«Ուրիշ երկրների՝ մեր ընդհանուր գործընկերներին խնդրել ենք, դիմել ենք, և իրենց ասել են՝ «գործ չունեք այդ հարցի շուրջ»։ Ուզո՞ւմ եք դառը իրականությունը․ սա է։ Մենք այստեղ ունենք ճանապարհ, աշխատում ենք այդ ուղղությամբ, և այդ ճանապարհը ուղիղ անցնում է Ադրբեջանի հետ մեր երկխոսության միջով»,- հայտարարեց Միրզոյանը։
Գալստյանն արձագանքեց՝ հիշատակելով Ժնևի և Վիեննայի կոնվենցիաները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները։
Միրզոյանն իր հերթին նշեց, որ ԱԳՄԱ-ին հայտնի են առկա դիվանագիտական և միջազգային իրավական մեխանիզմները, սակայն տվյալ պահին խնդրի լուծման հիմնական ճանապարհը տեսնում են Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսության շրջանակում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան