Հասարակություն
28.10.2026 | 15:29
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է նախկինում քննչական մարմնում ծառայած քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքը։ ՄԻՊ-ի հաղորդմամբ՝ քաղաքացին 2018 թվականին ավարտել էր ծառայությունը և անցել կենսաթոշակի, սակայն 2025 թվականին նրա կենսաթոշակի վճարումը դադարեցվել էր՝ պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու հիմնավորմամբ։ Պաշտպանի և իրավասու նախարարության համագործակցության արդյունքում կենսաթոշակի վճարումը վերականգնվել է, քաղաքացուն փոխանցվել են նաև նախորդ ամիսներին չվճարված գումարները։
ՄԻՊ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն է դիմել քաղաքացի՝ տեղեկացնելով, որ 2018 թվականին ավարտել է իր ծառայությունը քննչական մարմնում և իրեն օրենքով նախատեսված կարգով նշանակվել է կենսաթոշակ, սակայն 2025 թվականին նրա կենսաթոշակի վճարումը դադարեցվել է՝ պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու հիմնավորմամբ։
Քաղաքացին նշել է, որ խնդրի լուծման նպատակով դիմել է իրավասու մարմնին, սակայն արդյունքի չի հասել։ Նա խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր կենսաթոշակի վերականգնման, ինչպես նաև իրեն չվճարված կենսաթոշակի գումարը ստանալու հարցում։
Բարձրացված հարցը Պաշտպանը հասցեավորել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն)։
ՄԻՊ հաստատության և նախարարության արդյունավետ համագործակցության արդյունքում քաղաքացու բարձրացրած հարցը ստացել է լուծում․ վերականգնվել է վերջինիս կենսաթոշակի իրավունքը, ինչպես նաև վճարվել է նախորդ ամիսներին չվճարված կենսաթոշակը։
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է իր լիազորությունների շրջանակում հետևողականորեն աջակցել քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը՝ նպաստելով իրավունքների լիարժեք իրացմանը։