Ծավ գյուղում ջրի նոր նմուշառում է արվել․ այն անվտանգ է խմելու համար

Բաժանորդագրվել

Գերատեսչությունից հայտնում են, որ խմելու ջրի մոնիտորինգը շարունակական է լինելու։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik․ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջրի նոր նմուշառումներ են արվել։ Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ ջուրն անվտանգ է խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համար։ Հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համար»,- հայտնում են նախարարությունից։

Նշվում է, որ անցյալ ավելի քան մեկուկես ամսվա ընթացքում ջրի որակի համակողմանի ուսումնասիրության և խորը մասնագիտական գնահատման նպատակով միջգերատեսչական մասնագիտական հանձնաժողովը իրականացրել է նոր հետազոտություններ
ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում գործող տարբեր լաբորատորիաներում։

Հետազոտությունների արդյունքներով արձանագրվել է, որ խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը։

Գերատեսչությունից հայտնում են, որ խմելու ջրի մոնիտորինգը շարունակական է լինելու։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը։ Սա պարզվել է, երբ Ծավի բնակիչներից մեկը դիմել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։

Leave a comment