ՌԴ Դաշնային խորհրդի կանոնակարգի հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ջաբարովն առաջարկել է քննարկել Հայաստանի Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի՝ Ռուսաստան մուտք գործելու արգելքի հարցը։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ ավելացնելով, որ ՔՊ-ական մարզպետը ռուսների հասցեին թույլ է տվել անհարգալից արտահայտություններ՝ նրանց անվանելով «Իվաններ»։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը վրդովմունք է հայտնել Առուշանյանի հայտարարության կապակցությամբ՝ այն որակելով սադրիչ։ Դեսպանատունը նշել է, որ «Իվաններ» արտահայտությունը հիշեցնում է գերմանացի նացիստների կողմից Հայրենական մեծ պատերազմի տարիներին օգտագործված տերմինաբանությունը։
«Հայաստանի Շիրակի մարզի մարզպետ Դավիթ Առուշանյանն իրեն թույլ է տվել արհամարհական արտահայտություններ անել ռուսների հասցեին՝ նրանց անվանելով «Իվաններ»։ Կարծում եմ, որ նման արտահայտությունների համար պետք է լինեն իրական հետևանքներ։ Տեղին կլինի, որ մեր արտաքին գործերի նախարարությունը քննարկի Դավիթ Առուշանյանի՝ Ռուսաստան մուտք գործելու հնարավորությունը արգելելու հարցը»,- գրել է Ջաբարովը «Max» հարթակի իր ալիքում։
Հիշեցնենք, որ Գյումրու օրվա առթիվ «Ուժեղ Հայաստան»-ի կազմակերպած տոնական համերգի առիթով Շիրակի մարզպետը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Մի քանի տեսախցիկ, մի քանի մտահոգ դեմք, մի քանի բարձրագոչ նախադասություն՝ «մեր Գյումրու» մասին, և ահա պատրաստ է հերթական քաղաքական ներկայացումը։
Մնում է միայն հանդիսատես գտնել։ Բայց այստեղ մի փոքրիկ անհարմարություն կա՝ Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»։
Հ.Գ. Մենք հյուրընկալ ժողովուրդ ենք․ մեր հյուրերը մեր գլխի վրա տեղ ունեն։ Բայց մի՛ փորձեք մեր գլխից բարձր թռչել, բարձրությունից ընկնելը ցավոտ է։
Գաստրոլյորներ, զգույշ եղեք…»։
Ի պատասխան, բազմաթիվ օգտատերեր քննադատել էին Առուշանյանին, նրան առաջարկել որ մի բան էլ ինքն անի Գյումրիի ու գյումրեցիների համար։ Գյումրեցիները հենց նրա գրառման ներքո բազմաթիվ դժգոհություններ էին հայտնել.
«Դուք չարեցիք՝ նրանք արեցին։ Գյումրին էլ Հայաստանի մի մասն է։ Մեր վարչապետը նույնիսկ չհիշեց ու չշնորհավորեց Գյումրու օրը։ Կարևոր չէ՝ ով է կազմակերպել կամ մասնակցել․ կարևորն այն է, որ Գյումրին հիշվել ու տոնվել է։ Իսկ Գյումրին հիշելու համար առիթներ պետք չեն․ պետք է պարզապես չմոռանալ Գյումրին»։
«Սկսվեց բամբասանքը,ամոթ է ամոթ կազմակերպում են դժգոհ եք, դուք կազմակերպեիք,կառավարությունը նույնիսկ շնորհավվորեց գյումրեցիներին, դրանից վատ զգացեք»։
«Լավ էլի. Մի քանի շենքի տանիք չվերանորոգեցիք բնական աղետից տուժած, անձրևաջրերն երեխեքի գլխին են լցվում։ Կանգնել ուրիշի արածին անուն եք դնում»։
«Պարոն Առուշանյա’ն ջան,դուք էլ կազմակերպեք Գյումրու Անի թաղամասի մի քանի փողոցները վերջապես ասֆալտապատեք թող «գաստրոլյորներն» ու գյումրեցիները զարմանան»։