Բաղրամյան պողոտայում 26–ամյա վարորդը մահացու վրաերթի է ենթարկել սանմաքրման աշխատակցին
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ փետրվարի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 03:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Վահե Գ.-ն իր վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 45-ամյա Արթուր Մ.-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապ օգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր Երևանի քաղաքապետարանի «ԵԱՍՄ» հիմնարկում և իր գործընկերների հետ մաքրման աշխատանքներ էր իրականացնում Բաղրամյան պողոտայում։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։