Ծխախոտի նոր այլընտրանքները «տրոյական ձի» են․ Մարիամ Մնացականյան

Բաժանորդագրվել

Հայաստանում մեծահասակների շուրջ 25.5 տոկոսն ամեն օր ծխում է, իսկ տղամարդկանց շրջանում ցուցանիշը հասնում է մոտ 53 տոկոսի։

Տրոյական ձի, որը բերեցին մեր դաշտ․ այսպես է բնութագրել էլեկտրոնային և տաքացվող ծխախոտների տարածումը ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության և առողջապահական ծառայությունների որակի կառավարման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Մնացականյանը «Ուրիշ նորություններում»։

Նրա խոսքով՝ այս արտադրատեսակները, որոնք հաճախ ներկայացվում են որպես ավելի անվտանգ այլընտրանք, իրականում նոր սպառողների են գցում նիկոտինային կախվածության մեջ՝ հատկապես երիտասարդների շրջանում։

«Գրավիչ համերը, բույրերը և արտաքին տեսքը հրապուրում են նրանց, ովքեր նախկինում գուցե երբեք ծխախոտ չէին օգտագործել»,– նշում է Մնացականյանը՝ ընդգծելով, որ նիկոտինը ծանր կախվածություն է առաջացնում, իսկ նոր արտադրատեսակների երկարաժամկետ ազդեցության վերաբերյալ դեռևս ամբողջական պատկեր չկա։

Հայաստանում մեծահասակների շուրջ 25.5 տոկոսն ամեն օր ծխում է, իսկ տղամարդկանց շրջանում ցուցանիշը հասնում է մոտ 53 տոկոսի։ Չնայած իրականացված հակածխախոտային միջոցառումներին՝ ծխողների թվի նվազումը շարունակում է դանդաղ մնալ։ Խնդրի կարևոր պատճառներից է նաև ծխախոտի մատչելիությունը։

«Ամենաազդեցիկը ծխախոտի գնի բարձրացումն է»,– ասում է Մարիամ Մնացականյանը։

Ըստ մասնագետի՝ անհրաժեշտ է հետևողական գնային քաղաքականություն՝ զուգակցված ապօրինի վաճառքի դեմ պայքարի հետ, որպեսզի թանկացման արդյունքում չընդլայնվի սև շուկան և սպառողները չանցնեն ավելի էժան, անորակ արտադրանքի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Leave a comment