Հակոբ Սերոբյան. «Աշխարհի առաջնության արդյունքն անակնկալ էր ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել են Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ավարտված աշխարհի առաջնությունը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով՝ չորս մեդալ նվաճելն անակնկալ էր իր համար:

«Մեր հավաքականի մասնակցությունը գնահատում եմ գերազանց: Մի պահ կարծես աշխարհի առաջնությունը չլիներ: Երբ մեդալները սկսում են գալ, սկսում ես շատ հանգիստ լինել: Օրինակ՝ Արթուր Ավետիսյանի մեդալը շատ բարձր արդյունք է, սակայն այն շատ հանգիստ ընդունվեց: Նժույգ թափեր վարժությունում պայքարը շատ լարված էր: Ես նաև մրցավարական անձնակազմի կազմում էի, և բոլորն ասում էին, որ նժույգ թափերում ամենաբարձր մակարդակն էր: Այն տարբերվում էր բոլոր գործիքներից: Իտալացի մարմնամարզիկը շատ բարձր գնահատական ստացավ, մյուսները կարող էին հանձնվել, բայց Համլետ Մանուկյանին հաջողվեց գերազանցել նրան: Արթուր Ավետիսյանը դարձավ բրոնզե մեդալակիր, բայց նրա ելույթից գոհ չեմ: Եթե նա հանդես գար Եվրոպայի առաջնության նման, հաստատ կլիներ երկրորդը, գուցե նաև առաջինը: Իսկ Արթուր Դավթյանի մասին խոսքը չկա: Ինքը մեկ ոտքով Եվրոպայի չեմպիոն պետք է դառնար, սակայն չստացվեց: Ես նրան ասել էի, որ աշխարհի առաջնությունում ամեն բան անելու է, ու նա հաջողեց: Ես հպարտանում եմ իմ տղաներով: Մեր մարզիչներից Հայկ Նազարյանը ևս լավ աշխատանք է կատարում, և ես վստահում եմ նրան: Այս արդյունքն անակնկալ էր ինձ համար: Երկու մեդալ սպասում էի՝ Համլետ Մանուկյանից ու Արթուր Դավթյանից: Նրանք պատրաստ էին, մյուս երկուսը՝ ոչ»,- ասել է Հակոբ Սերոբյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել 4 մարզիկով ու նվաճել էր 2 ոսկե ու 2 բրոնզե մեդալ: Համլետ Մանուկյանը դարձել էր նժույգ թափերի վարժությունում Հայաստանի պատմության մեջ առաջին աշխարհի չեմպիոնը, իսկ Մամիկոն Խաչատրյանն արժանացել էր բրոնզե մեդալի: Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը երկրորդ անգամ աշխարհի չեմպիոն էր հռչակվել հենացատկի վարժությունում, իսկ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում:



Դավիթ Եղիազարյան

Leave a comment