Երևանում մեկնարկել է փոսային նորոգման ընթացիկ տարվա հիմնական ու լայնածավալ ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Facebook–յան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ քաղաքում մեկնարկում է փոսային նորոգման ծրագիր։
«Սիրելի՛ երևանցիներ, գիտենք, որ այս պահին Երևանում առկա է փոսերի խնդիր, և դա ձեզ համար անհարմարություն է պատճառում։ Փոսերը հիմնականում առաջացել են ձմեռային սեզոնի ընթացքում՝ բազմակի սառչել–հալվել ցիկլերի, ճանապարհային ծածկի մեջ ջրի ներթափանցման և ձյան դեմ կիրառված աղի ազդեցության հետևանքով։ Ջուրը սառչելիս ընդլայնվում է, թուլացնում է ասֆալտի կառուցվածքը, իսկ ծանր երթևեկությունը վերջնականորեն քանդում է այդ հատվածները», – նախօրեին գրել է Ավինյանը։
Նա նշել է, որ Երևանում նախօրեից մեկնարկել է փոսային նորոգման ընթացիկ տարվա հիմնական ու լայնածավալ ծրագիրը։ Կիրականացվի 200 հազար քմ աշխատանք:
«Բոլոր վարչական շրջաններում գործընթացը կկազմակերպվի գիշերային ժամերին՝ հետևյալ կերպ. նախ կիրականացվի երթևեկելի մասի վնասված ծածկի կտրում, հետո նոր ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրում: Ապրիլ ամսից էլ կմեկնարկի միջին նորոգման տարեկան ծրագիրը, որն ընդգրկում է նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Խնդրում եմ համբերատար լինել։ Աշխատանքները լինելու են ինտենսիվ և հետևողական», – գրել է Ավինյանը։