Կբարձրանա ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը․ նախագիծ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ազգային ժողովը քննարկում է պատգամավորներ Սոնա Ղազարյանի, Զարուհի Բաթոյանի և Ծովինար Վարդանյանի ներկայացրած՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, պատգամավոր Զարուհի Բաթոյանի խոսքով՝ նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է բարձրացնել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը՝ ապահովելով դեպքերի առավել զոհակենտրոն քննություն։
Փաթեթի մեծ լինելու պատճառով պատգամավորն անդրադարձավ առավել կարևոր փոփոխություններին։
Նրա խոսքով՝ փաթեթով առաջարկվում է վերացնել նախազգուշացումը՝ որպես պաշտպանության միջոցի տեսակ՝ նկատի ունենալով, որ այն չի ենթադրում գործուն և արդյունավետ պաշտպանության միջոցների իրականացում, այլ ենթադրում է պարզապես բռնություն գործադրած անձի նախազգուշացումը ոստիկանության ծառայողի կողմից։
«Ֆիզիկական բռնության սահմանումը լրացնում ենք նաև աջակցող միջոցներից կամ օժանդակ հարմարանքներից զրկելու դեպքերով։ Առաջարկում ենք անհետաձգելի միջամտության որոշում կայացնել նաև այն դեպքում, երբ բռնությունը անձի նկատմամբ վերջին մեկ տարում գործադրվել է մեկից ավելի անգամ։ Հստակեցնում ենք, որ անհետաձգելի միջամտության որոշման բացակայությունը կամ դրա ուժի մեջ մտնելը չի բացառելու պաշտպանական որոշման համար դիմելու հնարավորությունը։ Սահմանում ենք, որ ահազանգի հիման վրա լիազորություններն իրականացնելու դեպքում ոստիկանության ծառայողը պարտավոր է օգտագործել շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
Ընդլայնում ենք ընտանիքի անդամների կողմից ֆիզիկական ներգործության հանցակազմը, ինչպես նաև հոգեկան ներգործության հանցակազմը։
Առաջարկում ենք ընտանեկան և կենցաղային բռնության դեպքում բացառել քրեական պատասխանատվությունից ազատելը՝ զղջալու հիմքով։
Սահմանում ենք, որ ընտանեկան և կենցաղային բռնության հատկանիշներով հանցանքի վերաբերյալ վարույթով տուժողը, որպես կանոն, հարցաքննվում է միայն մեկ անգամ, և տուժողը կարող է հրաժարվել լրացուցիչ հարցաքննությունից, բացառությամբ, եթե այն անհրաժեշտ է առաջին հարցաքննությունից հետո վարույթն իրականացնող մարմնին հայտնի դարձած հանգամանքները պարզաբանելու համար»,- մասնավորապես ասաց պատգամավորը։
Փաթեթով առաջարկվում են նաև մի շարք խմբագրական բնույթի փոփոխություններ։