Բորդյուժա․ Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից (PAN.am)

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից, քանի որ նա չի մասնակցում կառույցի գործունեությանը, սակայն կազմակերպությունը շարունակում է պարտավորված լինել բոլոր որոշումները համաձայնեցնել նաև Երևանի հետ։

«Եթե նրանք կասեցնում են իրենց մասնակցությունը, բայց դուրս չեն գալիս, ապա շարունակում են մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամներ։ Իսկ եթե նրանք ՀԱՊԿ լիիրավ անդամներ են, նշանակում է՝ բոլոր որոշումները, իսկ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են փոխհամաձայնությամբ, պետք է ընդունվեն՝ հաշվի առնելով նրանց դիրքորոշումը։ Մինչդեռ այդ դիրքորոշումն այսօր արդեն, ըստ էության, հակասում է այն ամենին, ինչ իրականացվում է ՀԱՊԿ-ում», – պարզաբանել է Բորդյուժան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա կարծիք է հայտնել, որ Երևանի կողմից առավել պատշաճ քայլ կլիներ կազմակերպությունից դուրս գալը, իսկ եթե հայկական կողմը չի ցանկանում նման որոշում կայացնել, ապա, Բորդյուժայի համոզմամբ, անհրաժեշտ է Հայաստանին հեռացնել:

«Ես նրանց կհեռացնեի։ Անդամավճարները չեն վճարում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե հարցին լուրջ մոտենանք, ապա նրանք պարզապես պետք է դուրս գան կազմակերպությունից, եթե իսկապես լուրջ գործընկերներ են։ Բայց քանի որ նրանք երկակի դիրքորոշում ունեն՝ չենք հեռանա, չենք աշխատի, չենք մասնակցի և չենք ցանկանում, ապա նրանց պետք է հեռացնել», – հայտարարել է Բորդյուժան։

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է, որ 2026 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում նախատեսված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում հնարավոր է քննարկման դրվի Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու հարցը։

Ներկայում ՀԱՊԿ-ի անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Հայաստանը 2024 թվականին հայտարարել է կազմակերպությանը իր մասնակցության «սառեցման» մասին, թեև նման ընթացակարգ ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված չէ։ Դրանից հետո Երևանը դադարեցրել է նաև անդամավճարների վճարումը։

Leave a comment