Ամբողջ Հայաստանից ավելի քան 100 ուսուցիչ առաջատար ռուսաստանցի մասնագետների հետ միասին կքննարկեն ապագայի դպրոցի նախագիծը։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Երևանում մեկնարկել է «Հայաստանում ռուսերենով առարկաներ դասավանդող ուսուցիչների վարպետության զարգացման դպրոցը»։
Ամբողջ Հայաստանից ռուսերենով մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, պատմություն և այլ դպրոցական առարկաներ դասավանդող ավելի քան 100 ուսուցիչ հավաքվել են մի հարթակում՝ փորձի փոխանակում իրականացնելու, ժամանակակից կրթական տեխնոլոգիաներին ծանոթանալու և ապագայի դպրոցը առաջատար ռուսաստանցի մասնագետների հետ քննարկելու համար։
Դասընթացները կվարեն Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի առաջատար մասնագետները, ինչպես նաև համառուսաստանյան «Տարվա ուսուցիչ» մրցույթում հաղթած ու դափնեկիր ռուսաստանցի ուսուցիչները։
Նշենք, որ նախագիծը կազմակերպել են «Ռոսսոտրուդնիչեստվոն» և Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը` հայկական համապատասխան գերատեսչության աջակցությամբ։