ՔՊ-ն փորձում է հասնել նրան, որ Էդգար Շաթիրյանը չառաջադրվի ՍԴ նախագահի թեկնածու. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Թերթի աղբյուրներով՝ Վլադիմիր Վարդանյանը դեռ մինչև ընտրություններն իրեն ՍԴ նախագահ էր զգում՝ դույզն-ինչ կասկած չունենալով, որ ընտրվելու է։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik․ ՔՊ-ն փորձում է հասնել նրան, որ Էդգար Շաթիրյանը չառաջադրվի Սահմանադրականի նախագահի թեկնածու։ Այս մասին գրում է «Հրապարակը»՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի ընտրության երկու փուլ է անցկացվել, սակայն դրանցից ոչ մեկի արդյունքում նախագահ չի ընտրվել։

«Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունների առաջին փորձի տապալումից հետո ՔՊ-ում անակնկալի են եկել, որ Վլադիմիր Վարդանյանը չանցավ, և այժմ փորձում են հասնել նրան, որ հաջորդ փուլում՝ նոյեմբերի 6-ին, նրա մրցակից Էդգար Շաթիրյանը չառաջադրվի»,- գրում է «Հրապարակը»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին ՍԴ աշխատակարգային նիստում առաջադրվել էր 2 թեկնածու՝ Վլադիմիր Վարդանյանը և ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը, որն այս պահին ՍԴ նախագահի լիազորություններն է կատարում: Ընտրվելու համար 9 դատավորից 6-ը պետք է կողմ քվեարկեր տվյալ թեկնածուին, իսկ եթե առաջադրվում է 1 թեկնածու, ապա նա պետք է ստանա առնվազն 5 ձայն: Սակայն այդ ո՛չ 6, ո՛չ էլ 5 ձայն ստացող չեղավ։

«ՍԴ մեր աղբյուրները պատմում են, որ Վլադիմիր Վարդանյանը նիստից առաջ իրեն արդեն ՍԴ նախագահ է զգացել՝ մի գրամ կասկած չունենալով իր ընտրության հարցում։ Քվեարկությունից հետո շոկի են մատնվել և՛ Վարդանյանը, և՛ նրա հովանավորները ու հասկացել են, որ ՍԴ-ում հստակ ձեւավորված թիմ է գործում, որին ՔՊ-ում արդեն «գրանտակերների թիմ» անունն են տվել»,- նշում է թերթը։

«Հրապարակի» աղբյուրներով՝ Շաթիրյանի թեկնածությունն ակտիվորեն լոբբինգ է անում Սեդա Սաֆարյանը, իսկ Շաթիրյանն էլ հունիսի 7-ի ընտրությունների հետ կապված ընդդիմության հայցերի քննության ժամանակ լիովին արդարացրել է Փաշինյանի հույսերը։

Leave a comment