Նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված նոր քրեական գործին՝ այն որակելով որպես ներքին բռնաճնշումների և կեղծ օրակարգերի հերթական դրսևորում։
Աբրահամյանի խոսքով՝ այն պայմաններում, երբ Ադրբեջանից պարբերաբար հնչում են Հայաստանին նվաստացնող հայտարարություններ, կապիտուլյացիայի հիշեցումներ և անգամ ներողություն խնդրելու պահանջներ, գործող իշխանությունների հանձնարարությամբ նոր քրեական գործ է նախաձեռնվում Սերժ Սարգսյանի դեմ։ Քաղաքական գործիչը նշել է, որ արտաքին աճող ճնշումների, վիրավորանքների ու հարվածների ֆոնին իշխող ռեժիմը չունի որևէ լուծում և ցուցաբերում է զրոյական դիմակայություն։ Նրա գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում իշխանության միակ արձագանքը ներքին ճնշումների ավելացումն ու թեմաներին արհեստական հնչեղություն հաղորդելն է։