Աջափնյակում գազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է

Բաժանորդագրվել

Բակերում բարձրախոսներով հայտնում են վթարի մասին՝ հորդորելով պահպանել անվտանգության կանոնները։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik․ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում ստորգետնյա գազատար է վնասվել, ինչի հետևանքով մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

«Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ վթարի հետևանքով այսօր ժամը 16։00-ից դադարեցվել է Աբելյան, Հալաբյան, Քրքորյան, Էստոնական, Շինարարների փողոցներով պարփակված թաղամասի, Ֆուչիկի փողոցի թիվ 1/1, 1/3 բազմաբնակարան շենքերի, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Ժամկետների մասին ընկերությունը չի հայտնում։

Sputnik Արմենիայի թղթակիցն Աջափնյակից հայտնում է, որ բարձրախոսով շենքերի բակերում հայտնում են վթարի մասին՝ նախազգուշացնելով պահպանել անվտանգության կանոնները։

Leave a comment