10 գդալ շաքար՝ 1 շիշ էներգետիկում. թևեր տվող ըմպելիքի ու մրգային գոլորշու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոտ 10 գդալ։ Մեկ տարայում տեղավորված շաքարավազի քանակն է։ Շշում կա նաև մոտավորապես 2 սուրճում եղածի չափ կոֆեին։ Եթե ես ավելացնեմ նաև օրական անհրաժեշտ նորման 240-420%-ով գերազանցող B3, B5, B6 և B12 վիտամիններն ու էլի մի քանի բան, Դուք այն կտա՞ք Ձեր երեխային։ Կասկածներ ունեմ, որ ոչ։

Բայց դուք դա արդեն անում եք, եթե նրան թույլ եք տալիս էներգետիկ ըմպելիքներ խմել։  

Ես կարող եմ Ձեզ հիասթափեցնող թվեր ներկայացնել նաև այն պարագայում, եթե ասեք՝ սա «մեծական» էներգետիկ է, իմ երեխան գունավոր շշերովն է խմում։ Անգամ դրանցում առկա տարբեր նյութերը մի քանի անգամ գերազանցում են անչափահասին թույլատրվող բոլոր ցուցանիշները։

Պետությունն օրենք է ընդունել ու ասել՝ մի՛ տվեք այն ձեր երեխաներին։ Բայց լսող գրեթե չկա։ 

Թևեր տալ խոստացող այս ըմպելիքներն ի՞նչ են տալիս անչափահասին․ փորձելու ենք բացել գունեղ տարայում թաքնված վտանգի շերտերը։ 

***

Եթե աշխատանքային ծանր օրվա ավարտին ուժասպառ եք և ձեզ մաքուր էներգիա են առաջարկում ընդամենը 300-800 դրամով, ապա գործարքն առաջին հայացքից շահավետ է։ Բայց այս տարաներում կախարդական թուրմ չէ․ արտադրողները բացահայտ գրում են՝ ինչ կա ներսում, բայց մենք, կարծես, լավ չենք պատկերացնում՝ ինչ կարող է դա անել անչափահասի հետ։ 

«Կոֆեինն արգելափակում է որոշ ընկալիչներ և մարդն էներգիայի թափ է ստանում, բայց որոշ ժամանակ աշխատելուց հետո դա ընկնում է, և օրգանիզմն անընդհատ պահանջում է նոր և նոր կոֆեինի դոզա։ Բնականաբար, դրա հետ մեկտեղ, նաև քնի խանգարում է ունենում, որովհետև եթե ինքն անընդհատ օգտագործի, անընդհատ այդ գրգռված վիճակում լինի, հետո շատ ուժեղ հոգնածությունից չի էլ կարողանա քնել։ Քնի խանգարումը բերում է նաև սննդակարգի խանգարման, ավելորդ քաշի, ճարպակալման, գրգռվածության»,- ասում է դեռահասային բժիշկ Մարինա Մելքումովան։

82,000 դեռահասի վարքագիծն ուսումնասիրելով՝ Կանադայի Վաթերլոյի համալսարանի հետազոտողները եզրակացրել են՝ էներգետիկ ըմպելիքներ հաճախ օգտագործողները շուրջ 10 անգամ ավելի են հակված ծխել, 2,5 անգամ ավելի՝ ալկոհոլ օգտագործել, 3,4 անգամ՝ թմրանյութեր: Այսպիսով կախվածությունը սկզբում գունավոր ըմպելիքից է, հետո՝ այլ նյութերից, որոնք դուք ձեր ձեռքով ձեր երեխաներին, հավանաբար, չէիք տա։

«Փոքր թաղամաս է, բոլորը բոլորին ճանաչում են։ Երեխեքը գալիս են, ասում են՝ էներգետիկ ենք ուզում։ Չենք տալիս, ուղարկում ենք տուն։ Մեկ էլ ծնողներն են գալիս, թե՝ դու չգիտե՞ս, որ իմ երեխեն ա, ուզել ա՝ տուր, ինձ բան ու գործից կտրեց, բերեց հասցրեց խանութ։ Առնում, տալիս ա երեխու ձեռքը։ Դե մեծահասակներին չվաճառելու իրավունք չունենք»,- ասում է խանութներից մեկի վաճառողը։ 

Հայաստանում անչափահասներին էներգետիկ ըմպելիք վաճառելն արգելված է։ Խանութում պետք է առանձնացված դարակում լինի և ունենա հատուկ նախազգուշացում։ Մի շարք այլ կարգավորումներ ևս կան, բայց դրանց վնասակարության մասին գիտակցումը՝ դեռ ոչ։

«Կան որոշ ապրանքատեսակներ, որոնք ընդհանրապես չի կարելի երեխաներին օգտագործել։ Դրանց շարքում են, օրինակ, ալկոհոլային ըմպելիքները, որոնք շատ վտանգավոր են, երեխաների նյարդային համակարգի վրա են ազդում, տարբեր օրգան համակարգների վրա են ազդում և հանդիսանում են տոքսին։ Մեծահասակների համար նույնպես, իհարկե, բայց երեխաների դեպքում շատ ավելի վտանգավոր։ Այդ շարքում են նաև ծխախոտային արտադրատեսակները, և հիմա էներգետիկ ըմպելիքները նույնպես այդ շարքին են դասվում»,- ասում է Առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետ Մարիամ Մնացականյանը։

***

Հայաստանում ծնողները երեխաներին սուրճ սովորաբար չեն տալիս, դժվար թե նրանց մեկ բաժակ թեյի մեջ 13 գդալ շաքարավազ լցնեն, հավանաբար, խիստ կբարկանան, եթե իմանան՝ երեխան ծխում է, օգտագործում է ալկոհոլ կամ թմրանյութ։ Բայց կա երկու բան, որոնց նկատմամբ ծնողները կարծես, ավելի հանդուրժող են։ Մեկն արդեն քննարկված էներգետիկ ըմպելիքներն են։ Երկրորդը՝ էլեկտրոնային ծխախոտը, որոնց գրավիչ մրգային հոտով գոլորշին նույնպես վնասակար է։ 

Դեռահասը ամեն անգամ սովորական զովացուցիչ ըմպելիքի փաթեթավորմամբ էներգետիկ խմիչք, մրգային համով ծխախոտային արտադրանք սպառելով՝ իր օրգանիզմին մեծ հարված է հասցնում և բացում կախվածությունների դուռը՝ սեփական ձեռքով։

«2 տեսակն էլ բավականին նոր են, վերջին տասնամյակներին են եկել շուկա այս արտադրատեսակները, և շատերը իրոք չունեն բավական իրազեկում դրանց վտանգների, վնասների մասով։ Բացի այդ՝ արտադրողն այնպիսի գովազդ է ցուցադրում, որ մարդիկ ընկալում են դա որպես անվտանգ, նույնպես որպես ինչ-որ այլընտրանք, որն ավելի թեթև է կամ ընդհանրապես վտանգ չի պարունակում։ Էներգետիկների դեպքում շատ անգամ նույնիսկ, չգիտեմ, որպես վիտամին պարունակող արտադրատեսակ են դրանք գովազդվում, և չի ընկալվում մարդկանց կողմից որպես վնասակար նյութ։ Երբ վաճառողն ինքը ենթադրում է, որ սա ուղղակի բուրավետիչ հոտերով ինչ-որ օդ ներշնչել է, և երեխային վաճառում է` իմանալով, որ արգելված է, բայց մտածելով, որ անվտանգ է երեխային, այդ կարծրատիպը պետք է կոտրել և բացատրել մարդկանց, իրոք իրազեկել, որ դա վտանգավոր է, վնասակար է և չի կարելի երեխաներին դրա օգտագործումը»,- ասում է Առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

Համեմատաբար նոր այս ապրանքատեսակները, սակայն, հասցրել են կայուն սպառող ձեռք բերել․ թվերն են ասում։ Ամեն 4 տարին մեկ «Արաբկիր» բժշկական համալիրին կից Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ, Առողջապահության ու ԿԳՄՍ նախարարությունների աջակցությամբ իրականացնում է դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտություն։ Ուսումնասիրվում է ամբողջ հանրապետության 11, 13, 15 և 17 տարեկանների վարքը։ Վերջին տվյալները 21-22 թվականների ուսումնասիրությունից են։ 

«2026 թվականի հետազոտությունը նոր ենք ավարտել, դեռ մուտքագրման փուլում ենք, հուսով ենք՝ մյուս տարի կունենանք և կհամեմատենք, թե այս 4 տարվա մեջ արդյո՞ք ունեցել ենք անկում կամ վատթարացում։ Ի՞նչ տվյալ ունենք․ տեսեք՝ այսպիսի մի հարց․ երբևիցե կյանքում էլեկտրոնային ծխախոտ օգտագործե՞լ եք և 11 տարեկան տղաների 10%-ն օգտագործել է։ 13 տարեկան տղաների 20%-ը, 15 տարեկան տղաների՝ 36%-ը, 17-տարեկան տղաների 46%-ն օգտագործել է էլեկտրոնային սիգարետ»,- ասում է Մարինա Մելքումովան։ 

Էլեկտրոնային ծխախոտ օգտագործած աղջիկները տարբեր տարիքային խմբերում 3-6 տոկոս են։ 

Մեկ այլ տվյալ վերաբերում է մշտական օգտագործմանը։ 

«Վերջին 30 օրում էլեկտրոնային ծխախոտ օգտագործե՞լ եք» հարցին դրական պատասխան է տվել 11 տարեկան տղաների 5%-ը, 13 տարեկան տղաների 9%-ը, 15 տարեկանների 23%-ը և 17 տարեկանների 29%-ը։

«Այդ նույն հետազոտության տվյալներով՝ շաբաթվա ընթացքում 40-ից մինչև 50% հայ դեռահասներն օգտագործում են էներգետիկ ըմպելիքներ, դա էլ բավական մեծ թիվ է։ Ճիշտ է՝ ուրախ ենք, որ ունենք արդեն օրենսդրություն, որն արգելում է էներգետիկ ըմպելիքների վաճառքը, բայց, համենայն դեպս, երբեմն տեսնում ենք, որ ծնողն է առնում, կարող է ավագ ընկերն առնել, ավագ եղբայրը, և չես կարող այդ դեպքում ստուգել՝ երբ ինքն առնում է, ո՞ւմ համար է առնում»,– ասում է Մելքումովան։

***

Այսպես, դեռահասների շրջանում լայն տարածում ունեցող այս երկու ապրանքատեսակներն էլ խիստ վնաս են հատկապես անչափահասի առողջության համար։ Ու թեև դրանց վտանգների մասին իմանալու համար բավարար է կարդալ պիտակները՝ երբեմն ավելի քան 10 րոպե տևողությամբ ու բոլոր վտանգները թվարկող, այսպիսի հաղորդումներն էլ լիարժեք արդյունավետ չեն լինում։ Ինչո՞ւ․ հաղորդման հաջորդ շերտով փորձել ենք գտնել այս հարցի պատասխանը։

«Ի՞նչն է գրավում դեռահասներին․ առաջինը մարքեթինգն է և սոցիալական ազդեցությունը։ Դեռահասն այդ տարիքում ավելի շատ է ենթարկվում հասակակիցների ազդեցությանը, և եթե ընկերները ծխում են, եթե ընկերներն օգտագործում են այդ էներգետիկ ըմպելիքները, բնականաբար, ինքն էլ է ուզում օգտագործել այդ նյութերը և օգտագործում է։ Դրան նաև նպաստում են այդ մարքեթինգային քայլերը, որովհետև բոլոր այդ ընկերությունները ոչ միայն վաճառում են այդ ապրանքը, նաև ավելի շատ վաճառում են կերպարը, այսինքն՝ ով օգտագործում է այս նյութը, ինքն ավելի մոդայիկ է, ավելի անկախ է, ավելի խիզախ է, ավելի լուրջ է, միգուցե։ Բայց երկուսն էլ, մեծ հաշվով, նույն մեխանիզմով են ազդում, իրենք ազդում են այդ մարդու պարգևատրման համակարգի վրա։ Այդ պարգևատրման համակարգն անընդհատ պահանջում է նորից ու նորից, քանի որ դու այդ լավ զգացողություններն ունեցել ես, ուզում ես անընդհատ այդ զգացողություններն ունենալ, այսպիսով, աստիճանաբար զարգանում է կախվածությունը, որն արդեն մեծ վտանգներ է պարունակում»,- ասում է մանկական բժիշկը։ 

Երեխայի ուղեղը պնդում է՝ լավն էր, էլի եմ ուզում, նրանց դժվար է համոզել նաև 40-50 տարեկանում քաղցկեղ ձեռք բերելու հեռանկարով։ Այդ դեպքում՝ ի՞նչ անել, եթե դուք արդեն հասկացել եք, որ այս ամենը ձեր երեխային պետք չէ ու պետք է նույնը բացատրեք նրան։ 

«Առաջին հերթին՝ չգնել այդ էներգետիկ ըմպելիքները և որպես օրինակ ծառայել, որովհետև եթե ծնողն առնում է, երեխան շատ հանգիստ կարող է մտածել, որ դե՝ ինձ էլ կարելի է։ Եթե նկատել եք, որ երեխան անընդհատ առնում է, փորձեք հասկանալ` ինչն է պատճառը, ոչ թե բղավել կամ ջղայնանալ։ Ինքը թաքուն է դա անելու։ Հասկացեք` ինչն է պատճառը, որ ինքը դա անում է, արդյո՞ք չի հասցնում դասերն անել, արդյո՞ք պատրաստվում է քննության, ժամանակի խնդիր ունի, արդյո՞ք ուզում է ավելի հետաքրքիր երևալ իր հասակակիցների շրջանում, և երբ մենք հասկանանք պատճառը, մենք կկարողանանք ինչ֊որ լուծում տալ»,- նշում է մասնագետը։

***

Երկրորդ աշխարհամարտի ընթացքում և դրանից անմիջապես հետո Ճապոնիայում ամֆետամինները լայնորեն տարածված էին գործարանային աշխատողների, զինվորների ու վարորդների շրջանում՝ հոգնածությունը հաղթահարելու համար։ Երբ 1950-ականներին երկրում հանրային առողջապահության ճգնաժամի պատճառով խստորեն արգելվեց դրանց օգտագործումը, տեղը դատարկ չմնաց․ 1962-ին շուկա հանվեց առաջին էներգետիկ ըմպելիքը՝ Lipovitan D-ն՝ որպես օրինական և չթմրեցնող այլընտրանք։  

Բայց արդյո՞ք ժամանակակից դեռահասը լրացուցիչ էներգիայի կարիք ունի։ Արդյո՞ք նա գիտակցում է, որ էլեկտրոնային ծխախոտի մրգային բույրը չեզոքացնում է նիկոտինի հոտը, բայց ոչ գոյությունը։ 

Վտանգի շերտերը, գուցե, նվազեն, եթե հանուն երեխայի ամեն ինչի պատրաստ հասարակությունը պատրաստ լինի գոնե կարդալ նրան տրվող ապրանքների բաղադրությունը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արուսյակ Կապուկչյան

 

 

 

Leave a comment