«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը համոզված է, որ իշխանությունը արտահերթ ընտրությունների չի գնա:

«Ինքը, որ դնես գլխին, գնդակահարես՝ չի գնա արտահերթ ընտրության: Մեկ միլիարդ դոլար ծախսելով հազիվ կարողացավ 49 % ձայն հավաքել»,- հայտարարեց Սամվել Կարապետյանը:

Այնուամենայնիվ, եթե իրադարձություններն այդ սցենարով զարգանան, Կարապետյանի քաղաքական ուժը կրկին մասնակցելու է ընտրություններին:

«Մենք կմասնակցենք, կհաղթենք»,- ասաց Կարապետյանը, որը, հիշեցնենք, ԱԺ հերթական ընտրություններից առաջ ևս համոզված էր, որ իրենք հաղթելու են:

Խոսելով Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդման մասին, Կարապետյանը պնդեց, որ ընտրակաշառք չի բաժանվել, իսկ տարածված տեսանյութում երևացող գումարը եղել էր ընտրական ծախսերի համար հատկացված գումար:

«Չե՞ք ամաչում այս տեսագրությունը տեսնելուց: Ընտրակաշառք չի բաժանվել, իրենք ձերբակալել են թիմի բոլոր անդամներին: Եթե ընտրակաշառք բաժանած լինեին, վերցնողներին էլ կձերբակալեին»,- ասաց Կարապետյանը՝ պնդելով, որ նախընտրական շրջանում բազմաթիվ ծախսեր կան կատարելու:

«Մարդը գրպանից ընտրական ծախսերի գումար է տվել, օրինակ՝ գովազդների, գյուղեր մեկնելու համար ավտոբուս վարձելու»,- ասաց Կարապետյանը:

«Այս դեպքում իմչո՞ւ է ծածուկ արվում այդ ամենը»,- հարցրեց լրագրողներից մեկը, ինչին ի պատասխան Կարապետյանը պատասխանեց. «Մարդը ամաչել է վերցնի, ասաց՝ դիր ջեբդ»

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան

Leave a comment