Փաշինյանն ու ԵՀ հանձնակատարը քննարկել են ՀՀ ջրային ռեսուրսների կառավարման բարեփոխումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների կայունության և մրցունակ շրջանաձև տնտեսության հարցերով հանձնակատար Ջեսսիկա Ռոսվալլին, որը մասնակցում է Հայաստանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Եվրոպական հանձնաժողովի հետ սերտ համագործակցությունը շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում։

Երկրի ղեկավարը նշել է, որ ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու օրակարգը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է։ Վարչապետը հավելել է, որ կառավարության նպատակն է տարբեր ոլորտներում ներդնել եվրոպական ստանդարտներ և այս առումով ընդգծել Եվրոպական հանձնաժողովի շարունակական աջակցության անհրաժեշտությունը։

Ջեսսիկա Ռոսվալլը նշել է, որ COP17 համաժողովն անցնում է բարձր մակարդակով և շնորհավորել վարչապետին այդ առիթով։ Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարի խոսքով՝ քննարկումների առանցքում է կանաչ օրակարգի առաջմղումը։ Նա հույս է հայտնել, որ այն կստանա մասնակից պետությունների աջակցությունը։

Միաժամանակ, Ջեսսիկա Ռոսվալլը հայտնել է Եվրոպական հանձնաժողովի աջակցությունը Հայաստանին՝ շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման և համապատասխան ծրագրերի իրականացման գործում։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ինտենսիվ գյուղատնտեսության խթանման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»։

Հոկտեմբերի 18-ի երեկոյան Երևանի «Մերիդիան» կենտրոնում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի, պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել և ելույթ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր խոսքում նա նշել է, որ Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ:

Leave a comment