Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի

Քաղաքականություն

27.10.2026 | 14:33

Երկուշաբթի երեկոյից ի վեր Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 16 բալիստիկ հրթիռ և ավելի քան 280 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը հայտնել էին երկու հրթիռ խոցելու մասին, սակայն չէին հստակեցրել արձակված հրթիռների ընդհանուր թիվը։

Կիևի, այդ թվում՝ Հարավային կամրջի ուղղությամբ գիշերային հարվածները Զելենսկին անվանել է «լոգիստիկայի դեմ գործողության լուրջ էսկալացիա»։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի տարբեր շրջաններում ռուսական հարվածների թիրախում են հայտնվել էներգետիկայի և լոգիստիկայի օբյեկտները, ինչպես նաև «սովորական քաղաքային ենթակառուցվածքները»։

«Patriot և NASAMS համակարգերի համար նախատեսված որսացող հրթիռների մատակարարման արհեստական և երկարատև ձգձգումները, որոնք, ցավոք, վերջին շրջանում նկատվում են, ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին։ Յուրաքանչյուր նման ձգձգում հանգեցնում է այս կամ այն օբյեկտին նոր հարվածի»,- հայտարարել է Զելենսկին։

Հոկտեմբերի 26-ին Ուկրաինայի նախագահը սոցիալական ցանցերում հայտնել էր, որ Կիևը գրեթե մեկ ամիս սպասում է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հավանությանը՝ հակաօդային պաշտպանության այդ երկու համակարգերի համար  որսիչների մատակարարելու հարցում։

Հոկտեմբերի կեսերին CNN-ը, հղում անելով իրազեկ աղբյուրի, հայտնել էր, որ Կիևում Patriot համակարգերի համար որսացող հրթիռներն արդեն սպառվել են։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է գիշերը Ուկրաինայի մայրաքաղաքին հասցված հարվածը՝ հայտարարելով, որ թիրախավորվել են Ուկրաինայի զինված ուժերի հետ կապված օբյեկտներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment