Մալթայում ավարտված «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի միջազգային հեղինակավոր մրցույթում Հայաստանը ներկայացնող 13-ամյա Նարե Քերոբյանը փայլուն հաղթանակ տարավ՝ երկրին պարգևելով երրորդ եվրատեսիլյան տիտղոսը։
Այս հաղթանակը ոչ միայն մեծ տոն դարձավ ողջ հայության, այլև յուրահատուկ հպարտության առիթ հանդիսացավ Ջավախքի պատմական Կարծախ գյուղի համար, որտեղից սերում են երիտասարդ երգչուհու տոհմական արմատները։
Նարեի արմատների մասին NOR ռադիոկայանը տեղեկացավ նախ ինսթագրամի օգտատերերից, այնուհետև գնացինք արմատների հետքերով։
Փոքրիկ երգչուհու տաղանդն ու անկոտրում կամքը պատահական չեն. նրա պապը ծնվել և մեծացել է աշուղ Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում, որտեղից էլ սկիզբ է առնում Քերոբյանների ընտանիքի պատմությունը։ Թեև նրա հայրը՝ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, և հենց ինքը՝ Նարեն, ծնվել են Երևանում, ընտանիքում միշտ վառ է մնացել կապը ջավախքյան հայրենի օրրանի հետ։
«Ռուբեն Քերոբյանը Նարեի պապիկը, 1960֊ին տեղափոխվել է, բայց ծնողները մնացել են գյուղում։ Ալվարդ Չոբանյանը` Նարեի տատիկը, ծնողների հետ միասին 1951 թվականին է տեղափոխվել, 5 տարեկան է եղել։ Հայտնի գիտնական Կարապետ Չոբանյանը տատիկի ավագ եղբայրն է, Նարեի հայրիկի հարազատ քեռին։ Ընտանիքը 100% Կարծախցի է»,-այս մասին մեզ հայտնեց NOR ռադիոկայանի աղբյուրը։
ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը ավելի վաղ կատարած գրառմամբ տեղեկացրել էր, որ իր դուստրը կներկայացնի Եվրատեսիլը.
«Այս տարի դստրիկս՝ Նարե Քերոբյանը, հաղթեց ազգային մրցույթը և կներկայացնի Հայաստանը մանկական Եվրատեսիլում»,- գրել էր Քերոբյանը։
Նարեի հաղթարշավը դեպի եվրոպական մեծ բեմ նույնպես տոկունության հրաշալի օրինակ է։ Չորս տարի շարունակ նա համառորեն մասնակցել է ազգային ընտրական փուլերին և հենց 2026 թվականին, հաղթելով ազգային մրցույթում, իրավունք ստացել հնչեցնելու Հայաստանի անունը Մալթայում։ Նրա կատարած էներգետիկ և տպավորիչ երգը գրավեց թե՛ միջազգային ժյուրիի, և թե՛ համաշխարհային հանդիսատեսի սրտերը՝ հավաքելով 202 միավոր։
Հաղթանակի բերկրալից վայրկյաններին Նարեին հետնաբեմում առաջինը շնորհավորել ու գրկել է հայրը։ Ջավախքի Կարծախ գյուղի ստեղծագործական ժառանգությունն ու երևանյան ժամանակակից շունչը միահյուսվեցին մեկ մեծ տաղանդի մեջ, որն այսօր աշխարհին ապացուցեց հայկական մշակույթի անպարտելի ուժը։
Աղբյուրը՝ nor.ge-ի