Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել

Թուրքիայի հարավում՝ Անթալիայում, պտտահողմը շինհրապարակում չորս բանվորի կյանք է խլել, ևս մեկը վիրավորվել է։ Ուժեղ պտտահողմը քանդել է երկու կոնտեյներները, որտեղ բնակվում էին բանվորները։ Պտտահողմը դրանք պոկել և շպրտել է տեղից, գրում է Turkiye today-ը։

Դեպքի մասին ահազանգից հետո տարածք են ժամանել շտապօգնության խմբերը, ոստիկաններն ու հրշեջները։ Երկուսը մահացել է դեպքի վայրում, իսկ մյուս երկուսը մահացել են հիվանդանոց տեղափոխվելուց հետո։ Փրկված բանվորը թեթև վնասվածքներ է ստացել։ Հաղորդվում է, որ նրա վիճակը լավ է։

Անթալիայի նահանգապետ Հուլուսի Շահինն այցելել է դեպքի վայր՝ վնասները գնահատելու համար։ Նա լրագրողներին ասսել է, որ մրրիկը շինհրապարակում նաև կռունկ է տապալել, սակայն դրա փլուզման հետևանքով լրացուցիչ զոհեր կամ վիրավորներ չեն եղել։ Նրա խոսքով՝ քաղաքի որևէ այլ հատվածում փոթորկի կամ տորնադոյի մասին հաղորդումներ չեն ստացվել։

Նշվում է, որ պտտահողմը հարվածել է Անթալիային այն ժամանակ, երբ տարածաշրջանը պատրաստվում է մի քանի օր շարունակվող անբարենպաստ եղանակային պայմաններին։ Թուրքիայի պետական օդերևութաբանական ծառայությունը հոկտեմբերի 27-ի համար կանխատեսվող հորդառատ անձրևների պատճառով դեղին մակարդակի նախազգուշացում է հայտարարել։

Օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է հանկարծակի հեղեղումների, ջրհեղեղների, կայծակի, պտտահողմերի և ուժեղ քամիների վտանգի մասին, որոնք կարող են խաթարել տրանսպորտի աշխատանքը։

Հորդառատ անձրևներ են կանխատեսվում նաև չորեքշաբթի և հինգշաբթի, իսկ ուրբաթ դրանց ինտենսիվությունը կնվազի։

Անբարենպաստ եղանակը չի սահմանափակվում միայն Անթալիայով․ կանխատեսումների համաձայն՝ հորդառատ անձրևներ են սպասվում նաև Էգեյան, Միջերկրական և Մարմարա ծովերի տարածաշրջանների որոշ հատվածներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment