ՔԿ․ «Զատիկ» կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի (PAN.am)

Քննչական կոմիտեն ավարտել է «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակցի կողմից անչափահասի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու և նրան ուժեղ ցավ ու հոգեկան տառապանք պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Ն.Մ.-ն, հանդիսանալով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի դաստիարակ, 2026 թվականի օգոստոսի 9-ին ֆիզիկական բռնության է ենթարկել իրենից կախվածության մեջ գտնվող՝ նույն կազմակերպությունում շուրջօրյա խնամքի ծառայություն ստացող, 2012 թվականին ծնված անչափահաս սանին։

Մասնավորապես, Ն.Մ.-ն, օրվա կարգացուցակով սահմանված քնի ժամին ննջասենյակում գտնվելու փոխարեն անչափահասին նկատելով միջանցքում, վերջինիս հրելով տեղափոխել է խմբասենյակ, որտեղ գտնվող այլ սաների և աշխատակիցների ներկայությամբ տևական ժամանակ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր հատվածներին, որի հետևանքով անչափահաս սանին պատճառվել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա հսկող դատախազի որոշմամբ Ն.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով։ Նշված դրույթները վերաբերում են անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն։

Մեղադրյալի նկատմամբ սկզբնական շրջանում որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, սակայն հետագայում այն փոխարինվել է տնային կալանքով։

Քրեական վարույթի նախաքննության ավարտից հետո կազմվել է մեղադրական եզրակացություն, և գործի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան փոխանցելու նպատակով։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a comment