Չի կարող լինել իրավիճակ, որ Ադրբեջան-Նախիջևան կամ հակառակ ուղղությամբ շարժ լինի, Հայաստանի համար այդ նույն շարժը չլինի. Միրզոյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Այո, կարող է»,-ԱԺ նիստում պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին, թե կարող է այնպես լինել, որ ԹՐԻՓՓ-ը գործարկվի նախքան խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ ասաց Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը:
Ըստ Միրզոյանի՝ կա երկու բան. «Խաղաղության պայմանագիրն արդեն նախաստորագրված է, Հայաստանն ու Ադրբեջանը հրապարակավ հանձնառություն են ստանձնել, որ այս պայմանագիրը կա, մենք հավատում ենք սրա ամեն տառին, կասկածի տակ չենք դնում, այլ պատճառով Ադրբեջանն ասում է առայժմ չենք ստորագրում և ավելացնում՝ որ օրն այդ պատճառը վերանա, մյուս օրը կստորագրենք: Մյուս կողմից, որպես իրողություն այն միջավայրը, որը պետք է լինի, որ ԹՐԻՓՓ-ը գործարկվի, կա այդպիսի միջավայր, դրա անունն է խաղաղություն: Իրականության մեջ մենք տեսնում ենք իրական խաղաղություն, այսօր զինվորներն իրար չեն կրակում, բեռներ են անցնում: Իսկ գուցե ԹՐԻՓՓ-ը մոտեցնի խաղաղության պայմանագրի ստորագրումը»:
Միրզոյանը նշեց, որ ԹՐԻՓՓ-ը փոխշահավետ է. «Մեզ շատ պետք է և իրենց շատ պետք է և բոլոր երրորդներին շատ պետք է: Հնարավոր չի, որ Ադրբեջանը բեռ տեղափոխի Նախիջևան և հնարավոր չլինի, որ Հայաստանը բեռ տեղափոխի օրինակ՝ Ադրբեջանի տարածքով շարունակությունով: Չի կարող լինել իրավիճակ, որ հենց այդ ենթակառուցվածքով Ադրբեջան-Նախիջևան կամ հակառակ ուղղությամբ շարժ լինի, Հայաստանի համար այդ նույն շարժը չլինի»: