«Մենք հանդես եկանք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ և մտադիր չէինք վրեժ լուծել»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միջմշակութային երկխոսության VII համաշխարհային ֆորումի բացման ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«2020 թվականի պատերազմը և 2023-ին իրականացված հակաահաբեկչական գործողությունը վերջ դրեցին օկուպացիային (նկատի ունի Արցախում 2023 թվականին իրականացված էթնիկ զտումը – խմբ․)։ Մենք ամբողջությամբ վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Դրանից հետո Հայաստանին խաղաղություն առաջարկեցինք, և սա նույնպես աննախադեպ է։ Անցյալ տարվա ամռանը խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվեց։ Հենց մենք ենք հանդես եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ և մտադիր չէինք վրեժ լուծել։ Թեև, կարծում եմ, անհրաժեշտ է հաշվի առնել նաև զգացմունքները։ Ես միշտ ասում եմ, որ մենք վրեժխնդիր եղանք մարտի դաշտում և չպետք է դրանից այն կողմ գնանք։ Հակառակ դեպքում՝ պատերազմն անվերջ կլինի»,- հայտարարել է Ալիևը։
Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը շարունակել է Հայաստանի հասցեին տարբեր կեղծ մեղադրանքներ հնչեցնել՝ հայտարարելով, թե Հայասստանը, իբր, «վարել է էթնիկ զտումների քաղաքականություն, որի հետևանքով մեկ միլիոն ադրբեջանցի արտաքսվել է իր պատմական հողերից, ավերել կրոնական ու պատմական հուշարձանները, այդ թվում՝ Ղարաբաղի 65 մզկիթները», իսկ միջազգային հանրությանը մեղադրել է երկակի ստանդարտների մեջ։
Ըստ Ալիևի՝ պետք է վերջ դնել միջազգային քաղաքականության մեջ երկակի ստանդարտների կիրառմանը։
«Հայաստանի նկատմամբ որևէ պատժամիջոց չի կիրառվել։ Իսկ այսօր, ուր նայում ես, ամենուր պատժամիջոցներ են։ Եթե դիտարկենք Ադրբեջանի հյուսիսում և հարավում գտնվող երկրները, կտեսնենք, որ հարյուրավոր պատժամիջոցներ են սահմանվել։ Սակայն Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվել։ Սա երկակի ստանդարտների հարց է»,- ասել է նա։
Ալիևը նաև Հայաստանի հետ խաղաղության հաստատումը նշել է որպես դրական ձեռքբերումներից մեկը։
«Համաձայնագրի նախաստորագրման վայրն ունի մեծ խորհրդանշական նշանակություն։ Այն նախաստորագրվել է Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներն ԱՄՆ նախագահի ներկայությամբ ստորագրել են ոչ թե տարաձայնությունների մասին փաստաթուղթ, այլ խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստը։ Դրան զուգահեռ՝ ստորագրվել է նաև համատեղ հռչակագիր, որն ԱՄՆ նախագահը ստորագրել է որպես վկա։ Այսպիսով, մենք չսահմանափակվեցինք միայն արդարության վերականգնմամբ և մեր տարածքների ազատագրմամբ, այլև Հարավային Կովկասում ստեղծեցինք միանգամայն նոր իրավիճակ, որը նախկինում գոյություն չի ունեցել Հարավային Կովկասի անկախ պետությունների պատմության մեջ։ Ավելին՝ մենք պաշտոնապես ամրագրեցինք այս նոր իրողությունը Սպիտակ տանը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի