Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

27.10.2026 | 11:48

Նիդերլանդների Թագավորությունը կաջակցի անհետ կորածների որոնման ուղղությամբ տարվող աշխատանքներին և ֆինանասական աջակցություն կտրամադրի այդ աշխատանքների համար։ Այս մասին Երևանում հայտարարեց այդ երկրի արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Թոմ Բերենդսենը ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը՝ վերահաստատելով Նիդերլանդների լիակատար աջակցությունը խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը։

«Շատ կարևոր է, որ այս գործընթացն ամփոփվի խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, և մենք աջակցում ենք ձեզ մինչև վերջ: Այս առումով նաև հայտարարում եմ նոր ֆինանսական աջակցության մասին Անհետ կորած անձանց միջազգային հանձնաժողովի միջոցով՝ անհետ կորած անձանց բացահայտելու, նրանց գտնելու և նույնականացնելու ուղղությամբ»,- ասաց Բերենդսենը:

Նիդերլանդների ԱԳ նախարարը խոսեց նաև տնտեսական հարցերից, մասնավորապես՝ ծաղկաբուծության ոլորտի առաջ ծառացած դժվարություններին:

«Մարտահրավերներից մեկն արտահանման դիվերսիֆիկացիան է՝ Ռուսաստանից զատ այլընտրանքային շուկաներ գտնելը: Հոլանդական կողմը պատրաստ է աջակցել դրան: Նիդերլանդների Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնը կշարունակի իր գործունեությունը Հայաստանում առնվազն մինչև 2028 թվականը՝ նպաստելով հայկական ապրանքների մուտքին եվրոպական շուկաներ»,- ընդգծեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment