Նիդեռլանդները կաջակցի անհետ կորած հայերի և ադրբեջանցիների ճակատագիրը պարզելու համար

Բաժանորդագրվել

Նիդեռլանդների արտգործախարարը չբացառեց ֆինանսական օգնությունից բացի օգնության այլ ձևերի հնարավորությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Նիդեռլանդները ֆինանսական օգնություն կտրամադրի Հայաստանում և Ադրբեջանում անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու համար։ Նիդեռլանդների արտգործնախարար Թոմ Բերենդսենն այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի և առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Ես հայտարարում եմ Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի միջոցով նոր ֆինանսական օգնության մասին՝ այդ անձանց ճակատագիրը պարզելու, մարմինները գտնելու և նույնականացնելու համար», – ասաց Բերենդսենը։

Նախարարը չբացառեց ֆինանսական օգնությունից բացի օգնության այլ ձևերի հնարավորությունը։

Նա նշեց, որ Նիդեռլանդների կառավարությունը ողջունում է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված քայլերը, և հույս հայտնեց, որ խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի։

Նշենք, որ Բերենդսենը նման հայտարարություն է արել նաև Բաքվում, որտեղից ժամանել է Հայաստան։

Պաշտոնական տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում 191 մարդ համարվում է անհետ կորած։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին` Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո էլ անհետ կորած է համարվում 22 մարդ։

Leave a comment