Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշանակվել է լիբանանյան «Նեջմեհ» ակումբի տեխնիկական տնօրեն: Այդ մասին տեղեկացրել է Բեյրութը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը՝ հաստատելով 52-ամյա հայ մասնագետի նշանակումը, գրում է Factor.am-ը:
Մինասյանի վերջին աշխատավայրը եղել է «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը, որի գլխավոր մարզչի պաշտոնը նա լքել է 2025 թվականի մայիսին։ Հայ մասնագետը նույն թիմի մարզչական ղեկին աշխատել է նաև 2018-2020 թվականներին։
Իր մարզչական գործունեության ընթացքում Վարդան Մինասյանը գլխավորել է նաև Երևանի «Փյունիկը», Ղազախստանի «Տոբոլ» և «Տարազ» ակումբները, ինչպես նաև վրացական «Թելավին»։ Նա տարբեր ժամանակահատվածներում ղեկավարել է Հայաստանի երիտասարդական և ազգային հավաքականները։
Մասնավորապես, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները Մինասյանը կատարել է 2009-2013 թվականներին, ինչպես նաև 2018 թվականին։