Անվտանգության աշխատակիցները Էդգար Ղազարյանին հեռացրին ամբիոնի մոտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

27.10.2026 | 10:54

Ազգային ժողովի նիստում հերթական լարված միջադեպը տեղի ունեցավ Էդգար Ղազարյանի և նիստը վարող ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև։ Բանավեճի ավարտին, Ռուբինյանի հրահանգով, դահլիճ մտան անվտանգության աշխատակիցները և Ղազարյանին հեռացրին ամբիոնի մոտից։

Միջադեպին նախորդել էր Ղազարյանի հարցը տնային կալանքի տակ գտնվող պատգամավոր Արթուր Սարգսյանի՝ ԱԺ նիստերին չմասնակցելու վերաբերյալ։ Նա հետաքրքրվել էր՝ արդյոք այդ հարցով խորհրդակցություններ անցկացվել են Գլխավոր դատախազի հետ։ Ռուբինյանը պատասխանել էր, որ հարցը չի վերաբերում քննարկվող օրակարգին։

Այնուհետև Ղազարյանը հիշեցրեց նախորդ նիստում իրեն դահլիճից հեռացնելու վերաբերյալ հնչած հայտարարությունները և պահանջեց պարզաբանել, թե ինչ է ենթադրում «դուրս շպրտելու» մեխանիզմը։ Ռուբինյանը նշեց, որ պատգամավորների դահլիճից հեռացման ընթացակարգը սահմանված է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքով, իսկ Էդգար Ղազարյանի դեպքում, իր ձևակերպմամբ, գործում է «դուրս շպրտման ընթացակարգը»։

Մտքերի փոխանակության ընթացքում Ղազարյանը մոտեցավ ամբիոնին և հայտարարեց, որ ԱԺ կանոնակարգում «Էդգար Ղազարյան» առանձին եզրույթ գոյություն չունի, իսկ սահմանված կանոնները պետք է հավասարապես վերաբերվեն բոլորին։

Ռուբինյանը հորդորեց խոսել օրակարգի շրջանակում, սակայն Ղազարյանը շարունակեց ելույթը։ Դրանից հետո նիստը նախագահողը հայտարարեց, որ ընդհատում է նրա խոսքը և պահանջեց ազատել ամբիոնը։

Ղազարյանը չհեռացավ ամբիոնի մոտից, ինչից հետո Ռուբինյանի հրահանգով դահլիճ մտան անվտանգության աշխատակիցները և նրան հեռացրին այնտեղից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment