Դատախազություն․ Հոկտեմբերի 27-ի գործով կատարվել են մի շարք գործողություններ (PAN.am)

Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուս անձանց կողմից իրականացված ահաբեկչական գործողության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում, որի քննությունը վերսկսվել է 2019 թվականի դեկտեմբերի 27-ին, 2025 թվականի հոկտեմբերի 27-ից առ այսօր կատարվել են ապացուցողական և վարութային մի շարք գործողություններ։

Մասնավորապես․

Կատարվել են մոտ 1 տասնյակ հարցաքննություններ և լրացուցիչ հարցաքննություններ։

Ուղարկվել են տեղեկատվության պահանջի մասին դիմումներ։

Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ 3 հանձնարարություն է տրվել օպերատիվ մարմնին։

Կատարվել են փաստաթղթերի զննումներ։

Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով հսկող դատախազի թույլտվությամբ առգրավվել և ուսումնասիրվել են մի շարք գաղտնի փաստաթղթեր։

Իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ։

Գլխավոր դատախազի՝ 2024 թվականի փետրվարի 14-ին ընդունված որոշման համաձայն՝ տվյալ քրեական վարույթով նախաքննության հետագա իրականացումը հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին։

Նախաքննությունը դեռևս շարունակվում է։

1999 թվականին Նաիրի Հունանյանի գլխավորած զինված խումբը ներխուժել է Ազգային ժողովի նիստերի դահլիճ, որի հետևանքով զոհվել են խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, ինչպես նաև նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ընդհանուր առմամբ՝ ութ զոհից բացի, ևս ութ մարդ ստացել է մարմնական վնասվածքներ։

2003-ի դեկտեմբերին դատարանը Նաիրի Հունանյանին և նրա խմբի հինգ անդամներին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ մեկ այլ անդամ ստացել է 14 տարվա ազատազրկման։ Հետագայում ցմահ դատապարտված Վռամ Գալստյանը ինքնասպանություն է գործել, իսկ 14 տարվա ազատազրկման ենթարկված Համլետ Ստեփանյանը՝ մահացել է անսպասելիորեն։ 2024 թվականի ամռանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է գործով ցմահ ազատազրկված Աշոտ Կնյազյանը։

Տուժածների հարազատները շարունակում են պնդել, որ Հոկտեմբերի 27-ի իրական կազմակերպիչները մինչ օրս մնում են անհայտ։

Leave a comment