Ֆրանսիայի միջուկային ուժերը ներգրավում են հարևաններին՝ Ռուսաստանին զսպելու համար․ WSJ

Ֆրանսիան երկկողմ բանակցություններ է վարում եվրոպական 10 երկրների հետ, որոնք հետաքրքրություն են հայտնել մասնակցելու միջուկային զենքի միջոցով իրականացվող ֆրանսիական «առաջնային զսպման» (forward deterrence) հայեցակարգի կիրարկմանը․ այս մասին հայտնել է «The Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով տարբեր աղբյուրներ։

«Մինչ այժմ Ֆրանսիան ստեղծել է 10 առանձին համակարգող խմբեր՝ իր «առաջնային զսպման» գծով գործընկերների հետ՝ վարելով երկկողմ քննարկումներ, այլ ոչ թե բոլոր կողմերին միավորելով մեկ միասնական «միջուկային ակումբում»։ Ըստ պաշտպանական ոլորտի պաշտոնյաների՝ սա նշանակում է, որ գործընկեր երկրների ռազմական ներկայացուցիչները կապի մեջ են միմյանց հետ և համեմատում են Ֆրանսիայից ստացած տեղեկատվությունը», — նշել է WSJ-ը։

Ֆրանսիական նախաձեռնությամբ հետաքրքրված երկրների թվում են Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Բելգիան, Հունաստանը, Դանիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Ֆինլանդիան և Շվեդիան։ Նախաձեռնությունը նախատեսում է Եվրոպայում տեղակայել միջուկային զենք կրելու ունակ «Dassault Rafale» կործանիչներ, զարգացնել նոր ենթակառուցվածքներ, ստեղծել կապի և վաղ նախազգուշացման համակարգեր, նաև իրականացնել հետախուզական տվյալների փոխանակում։ Եվրոպացի պաշտոնյաները նշել են, որ անվտանգ կապի, վաղ նախազգուշացման և հետախուզական տվյալների փոխանակման այս նոր շրջանակը կօգնի նաև ամրապնդել Եվրոպայի սովորական (ոչ միջուկային) պաշտպանական կարողությունները։

WSJ-ն ընդգծել է, որ եվրոպական պաշտպանության գործում Ֆրանսիայի՝ միջուկային ուժերի դերը ընդլայնելու ջանքերը համընկնում են մի ժամանակահատվածի հետ, երբ Եվրոպայում աճում է անորոշությունը՝ կապված տարածաշրջանում միջուկային զսպման միջոցները պահպանելու հարցում Միացյալ Նահանգների հանձնառության հետ։  «Ֆրանսիան մեզ այնքան էլ թույլ չի տա մասնակցել իր միջուկային զսպմանը, որքան դա անում են ամերիկացիները», — մեջբերել է թերթը եվրոպական կառավարություններից մեկի նախարարի խոսքերը։

Այնուամենայնիվ, դիտորդները մտավախություն ունեն, որ իրավիճակը կարող է փոխվել, եթե աջ ազգայնական «Ազգային միավորում» կուսակցության նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հաղթի 2027 թվականի գարնանը կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրություններում, թեև նրա կուսակցությունը նախկինում պաշտպանել է «առաջնային զսպման» հայեցակարգը։

«Ֆրանսիայի գործընկեր երկրներից մեկի բարձրաստիճան եվրոպացի զինվորական պաշտոնյան համաձայնել է այս գնահատականի հետ։ Նա նշել է, որ եթե Մարին Լը Պենը իշխանության գա, ապա Ֆրանսիայի հետ գործընկերության նպատակները, պարամետրերն ու շրջանակը կենթարկվեն նոր, մանրակրկիտ վերանայման՝ թե՛ դաշնակիցների շրջանում, և թե՛ հենց Փարիզում»,- նշել է թերթը։

Leave a comment