Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերն ու առաջարկությունները:

 

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նախ ընդգծել է, որ հարկման համակարգերի վերաիմաստավորման ծրագրային նպատակադրումները հանդիսանում են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականության հիմնասյուները, որոնց առանցքային նպատակն է ապահովել հարկային բեռի արդարացի և հավասար բաշխումը, տնտեսության փաստաթղթաշրջանառության և թափանցիկության ապահովումը: Վահե Հովհաննիսյանի խոսքով, փոփոխությունների հայեցակարգը միտված է հարկման համակարգերի արդյունավետ հարաբերակցությանը: Այս համատեքստում, ընդգծվել է, որ առաջարկվող փոփոխությունների նպատակն է խթանել փոքր բիզնեսի զարգացումը՝ նվազեցնելով վարչարարական բեռը, ապահովելով հարկային արդարությունն ու հավասար մրցակցային պայմանները։

 

Հանդիպմանը ծավալվել է քննարկում հարկման համակարգերին և գործարքների սխեմաներին, հարկման համակարգերի վերաիմաստավորման ծրագրային նպատակադրումներին, հարկային կարգապահության և փոխկապակցվածության հստակ չափանիշների ներդրմանը վերաբերող հարցերի շուրջ:

 

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է կայուն տնտեսական աճին ուղղված եկամուտների քաղաքականության իրականացման, հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման կարևորությունը և հանձնարարել հետևողականորեն շարունակել վերոնշյալ ուղղություններով աշխատանքները։

Leave a comment