Դատարանը թույլատրել է Արշակ սրբազանին չմասնակցել առաջիկա դատական նիստերին (PAN.am)

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրել է Մայր Աթոռի դիվանապետ, արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանին չմասնակցել առաջիկա դատական նիստերին:

Դատական նիստի ընթացքում նրա պաշտպան Արսեն Բաբայանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի իր պաշտպանյալն ազատվի նիստերին մասնակցելուց՝ հաշվի առնելով Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումը, որով ազատության մեջ գտնվող մեղադրյալը կարող է դատարանի թույլտվությամբ հետագա դատական նսիտերին չմասնակցել, հայտնում է Panorama.am-ը:

«Բնականաբար, երբ որ գա իր անմիջական մասնակցության անհրաժետությունը, կմասնակցի նիստերին»,- ասել է պաշտպանը։

Արշակ Սրբազանը ևս հայտնել է, որ աջակցում է իր պաշտպանի ներկայացրած միջնորդությանը։

Դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը, թույլ տվել մեղադրյալին չմասնակցել նիստերին մինչև հարցաքննության պահը։

Արշակ սրբազանի առողջական վիճակի վերաբերյալ միջնորդության քննությունից առաջ Արսեն Բաբայանը միջնորդել է այն քննարկել դռնփակ։

Արշակ սրբազանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, թե իբր նա 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել է ակցիայի մասնակցի ուսապարկի մեջ մարիխուանա գցել՝ դա կատարելով իրացման նպատակով։ Այդ թմրամիջոց իրեղեն ապացույցն անհետացել է քննչական մարմնից։ Այս գործով սրբազանը 3 ամիս կալանավորված է եղել։

Leave a comment