Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը (63 կգ) նվաճեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիր, իսկ Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ) պարտություն կրեցին կիսաեզրափակիչում ու կանցկացնեն բրոնզե մեդալի համար գոտեմարտ:
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն ու քառակի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը (63 կգ) եզրափակիչի ուղեգիրը վիճարկեց Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշ Էդմոն Նազարյանի հետ ու ժամանակից շուտ հաղթեց 12:4 հաշվով:
Կիսաեզրափակիչի ճանապարհին Ասլանյանը ոչ մի միավոր չէր տվել մրցակիցներին՝ տանելով երեք հաղթանակ ժամանակից շուտ: Հայ ըմբիշը հաղթել էր մոլդովացի Կորնելիու Ռուսուին (10:0), ղրղզ Աֆթանդիլ Տալաիբեկ Ուուլուին (8:0) և ուզբեկ Օզոդբեկ Խալիմբոևին (9:0):
Հոկտեմբերի 26-ին կայանալիք եզրափակիչում հայ ըմբիշը կմրցի ադրբեջանցի Նիհադ Մամադլիի հետ
Դավիթ Եղիազարյան