Ողբերգական ավտովթարներ. մի դեպքում վարորդը խմած է եղել, իսկ մնացածո՞ւմ

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Արմավիր-Երևան ավտոճանապարհին՝ Մեծամոր քաղաքի վարչական տարածքում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 52-ամյա Արթուր Գ.-ի վարած «Տոյոտա» մակնիշի և Երևանի բնակիչ, 23-ամյա Սմբատ Պ.-ի վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս գլխիվայր հայտնվել է ձորակում։

Վթարի հետևանքով «Տոյոտա»-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 41-ամյա Անի Գ.-ն տեղում մահացել է, իսկ վարորդները, «Տոյոտա»-ի ուղևոր, 36-ամյա Արևիկ Ղ.-ն և «Ֆորդ»-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Սյուզաննա Պ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից Արևիկ Ղ.-ն տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Տոյոտա»-ի գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։ Վարորդները հիվանդանոցում ենթարկվել են սթափության փորձաքննության․ «Տոյոտա»-ի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում՝ խմածության ամենաբարձր աստիճանով։

 

MediaHub-ին Քննչական կոմիտեից հայտնեցին․

 

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Կատարվում է նախաքննություն»։

 

Նշենք, որ վերջին օրերին մի քանի խոշոր ավտովթար է եղել, որոնք ողբերգական ավարտ են ունեցել։ Մասնավորապես, հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 38-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» բեռնատարը։ Վթարի հետևանքով 7 ուղևորից 3-ը մահացել են, որոնցից մեկը՝ անչափահաս։ Երեխաներից 4-ն այս պահին գտնվում են հիվանդանոցում։

 

Ինչպես նաև, երեկ «Չայքայի» ոլորաններում բախվել են մի քանի մեքենա. 4 վիրավորներից մեկն անչափահաս է, սակայն, բարեբախտաբար, մահացած մարդ չկա։ Բացի այդ, հոկտեմբերի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամանակը՝ 01:00-ի սահմաններում, Հալաբյան-Էստոնական փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 43-ամյա Արման Պ.-ի վարած «BYD» մակնիշի և դեռևս անհայտ անձի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

 

Վթարի հետևանքով Արման Պ.-ն, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 46-ամյա Տաթևիկ Ք.-ն և «Kia»-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 48-ամյա Կարեն Պ.-ն ու 48-ամյա Մարիաննա Ա.-ն, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

 

«Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ իրենց մոտ տեղափոխված վիրավորներից Մարիաննա Ա.-ն մահացել է․ վերջինս ուներ 3 երեխա։

Leave a comment