Զբաղվածության 3 ծրագրերը միավորվում են. ի՞նչ է փոխվում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որոշել է զբաղվածության 3 ծրագրերը միավորել մեկ միասնական համակարգում։ Հոկտեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Լիանա Թովմասյանը և Զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը ներկայացրին նոր ձևաչափը։ Ծրագիրը նախատեսված է 1500 շահառուի համար և կմեկնարկի 2027 թվականի հունվարին (պետբյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջվի)։

Ինչու է դա կարևոր. Միասնական ծրագիրը ներառում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին, մարտական գործողությունների մասնակիցներին և անապահովության համակարգում գրանցված քաղաքացիներին։ Դիմելու ընթացակարգն ամբողջությամբ թվայնացվել է. քաղաքացիները տնից կարող են ներբեռնել փաստաթղթերը, իսկ համակարգը ավտոմատ կերպով կստուգի համապատասխանությունը։ Հիմնական շեշտը դրված է կրթության և հետագա աշխատանքի տեղավորման վրա։

Միասնական ծրագրի ֆինանսական և կրթական բաղադրիչները.

  • Կրթական վաուչեր. Շահառուներին կտրամադրվի մինչև 250,000 դրամ արժողությամբ վաուչեր՝ 6 ամսվա ընթացքում ԿԳՄՍ նախարարության հետ համաձայնեցված ծրագրերով ուսուցում անցնելու համար։

  • Աջակցություն գործատուներին (եամտային հարկի վերադարձ).

    • 1–3-րդ ամիսներ. Եկամտային հարկի 50% վերադարձ (առավելագույնը 25,000 դրամ/ամիս)։

    • 4–6-րդ ամիսներ. Եկամտային հարկի 100% վերադարձ (առավելագույնը 50,000 դրամ/ամիս)։

  • Ուղղակի միանվագ աջակցություն աշխատողին (գործատուից անկախ).

    • 1–3-րդ ամիսներ. 100,000 դրամ միանվագ վճար։

    • 12 ամսից ավելի աշխատելու դեպքում. Եվս 200,000 դրամ միանվագ վճար։

Leave a comment