GEFF-ը Հայաստանում ծրագիրը Երևանում կայացած COP17-ի շրջանակներում ներկայացրել է շրջանաձև տնտեսության ոլորտի ներդրումային հնարավորությունները

2026 թ. հոկտեմբերի 23-ին GEFF-ը Հայաստանում ծրագիրը Երևանում կայացած COP17-ի շրջանակներում համախմբեց շուրջ 100 մասնակիցների՝ պետական, ֆինանսական, բիզնես և շրջանաձև տնտեսության ոլորտներից, որպեսզի միասին քննարկեն, թե ինչպես կարող են շրջանաձև տնտեսության ներդրումները նպաստել  ձեռնարկությունների ծախսերի նվազեցմանը, ռեսուրսների արդյունավետության բարելավմանը և մրցունակության ամրապնդմանը

«Թափոններից դեպի արժեք. ինչպես բացահայտել շրջանաձև տնտեսության ներդրումային ներուժը Հայաստանում» խորագրով անցկացված միջոցառման ընթացքում քննարկվեցին շուկայի զարգացումները, ներդրումների գործնական հնարավորությունները և ֆինանսավորման առկա տարբերակները, որոնք օգնում են բիզնեսներին ներդնել շրջանաձև լուծումներ։

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ  Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) փոխտնօրեն Աննա Խաչատրյանը։

«Շրջանաձև տնտեսության ներդրումները վկայում են, որ ռեսուրսների արդյունավետությունն այլևս նեղ մասնագիտական թեմա չէ, այլ ծախսերը նվազեցնելու և մրցունակությունն ավելի ամրապնդելու գործնական միջոց։ ՎԶԵԲ-ը պարտավորվում է աշխատել գործընկեր բանկերի և բիզնեսների հետ՝ այդ հնարավորությունները վերածելու բանկերի կողմից ֆինանսավորվող ծրագրերի», – ասաց Աննա Խաչատրյանը։

Հաջորդիվ քննարկվեց Հայաստանի շրջանաձև տնտեսության շուկան, մասնավորապես՝ քաղաքականության և կարգավորման ոլորտի զարգացումները, շուկայի պահանջարկը և ներդրումային հնարավորությունները։ Անդրադարձ եղավ նաև, թե ինչպես կարող են ձեռնարկությունները նվազեցնել կախվածությունը առաջնային հումքից, արտադրական թափոններից վերականգնել արժեքը և բարելավել գործառնական արդյունավետությունը։

GEFF-ի շրջանաձև տնտեսության փորձագետ Մխիթար Ավետիսյանն ընդգծեց, որ ձեռնարկությունների համար ամենամեծ արժեքը հաճախ թաքնված է իրենց արտադրած նյութերի վերականգնման մեջ, այլ ոչ թե թափոնը որպես ծախս դիտարկելու մեջ։

Միջոցառման առանձին հատված նվիրված էր ՎԶԵԲ-ի  GEFF-ը Հայաստանում ծրագրի շրջանակներում առկա ֆինանսավորման և տեխնիկական աջակցության հնարավորությունների ներկայացմանը՝ ներառյալ շրջանաձև տնտեսության համար համապատասխան տեխնոլոգիաները, Կանաչ տեխնոլոգիաների ցանկը, տեխնիկական գնահատումները և գործընկեր ֆինանսական կառույցների միջոցով ֆինանսավորումը։ Մասնակիցները նաև ծանոթացան ներդրումների իրագործելիության գնահատման քայլերին և շրջանաձև տնտեսության գաղափարների՝ ֆինանսավորվող ծրագրերի վերածման գործընթացին։

«Հայաստանում ձեռնարկություններն արդեն իսկ գտնում են թափոնն արժեքի վերածելու գործնական ուղիներ։ GEFF-ի միջոցով մենք ցանկանում ենք նրանց  համար ավելի դյուրին դարձնել շրջանաձև տեխնոլոգիաների գնահատումը, ֆինանսավորման հասանելիությունը և գաղափարից ներդրմանն անցնելը», – ասաց GEFF-ը Հայաստանում ծրագրի ղեկավար Գերնոտ Կուհլիշը։

Circullartex-ի և SunHome Stepanavan հյուրատան ելույթները ցույց տվեցին, թե գործնականում ինչպես են շրջանաձև տնտեսության ներդրումները տարբեր ոլորտներում հանգեցնում ֆինանսական և գործառնական օգուտների։

Circullartex-ն այլ արտադրողներից ստացված տեքստիլի մնացորդները վերածում է մանվածքի, թելերի, սրբիչների, գուլպաների, անկողնային սպիտակեղենի և տրիկոտաժե արտադրանքի։ Վերականգնված տեքստիլն օգտագործելով՝ ընկերությունը նվազեցնում է առաջնային հումքի կարիքը և կրճատում է վերամշակման որոշ փուլեր։ Քանի որ նյութերը պահպանում են իրենց սկզբնական գույները, Circullartex-ը կարող է նաև արտադրել գունավոր թելեր առանց լրացուցիչ ներկման՝ կրճատելով նյութերի սպառումը և արտադրական ծախսերը։

SunHome Stepanavan հյուրատունը կիսվեց իր փորձով՝ թե ինչպես կարող է շրջանաձև տնտեսությունը գործել փոքր մասշտաբով։ Հյուրատան սեփականատիրոջ պատմությունը ներկայացրեց, թե ինչպես կարող են ռեսուրսների արդյունավետությանն ու թափոնների կրճատմանն ուղղված միջոցառումները կիրառվել հյուրընկալության ոլորտում։ Նրա նախաձեռնությունների շնորհիվ էլեկտրաէներգիայի ծախսերը նվազել են մոտավորապես 60%-ով, այգու ոռոգման ջրի օգտագործման արդյունավետությունը բարձրացել է շուրջ 40%-ով, իսկ օրգանական թափոնների քանակը նվազել է կոմպոստավորման միջոցով։

Մասնակիցներն արձանագրեցին, որ փոքր և միջին ձեռնարկությունները, օրինակ՝ հյուրատները և փոքր արտադրողները, կարող են համեմատաբար պարզ ներդրումների միջոցով հասնել մեծ խնայողությունների, եթե ունենան համապատասխան ֆինանսավորման և խորհրդատվության հասանելիություն։

Դրան հաջորդած պանելային քննարկումն անդրադարձավ Հայաստանում առևտրային տեսանկյունից իրագործելի շրջանաձև տնտեսության ծրագրերի մշակման և ֆինանսավորման հնարավորություններին ու մարտահրավերներին։

Պանելային քննարկումը վարում էր  Հայաստանի շրջանաձև տնտեսություն Կոալիցիայի նախագահ Սիլվա Մեսրոպյանը, և դրան մասնակցում էին՝

  • Զառա Օհանյանը, ՎԶԵԲ-ի Խորհրդատվություն փոքր բիզնեսներին ծրագրի ղեկավար,
  • Հարություն Ալպետյանը, ՀԱՀ Յակոբեան Բնապահպանական կենտրոնի Թափոնների կառավարման փորձագետ, ծրագրերի ղեկավար
  • Իրինա Մկրտչյանը, Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ ՀԿ (ISSD) համահիմնադիր
  • Տիգրան Գասպարյանը, Circullartex-ի փոխտնօրեն

Քննարկման մասնակիցներն անդրադարձան շրջանաձև ներդրումներ նախատեսող բիզնեսների համար կարևորագույն հարցերին, այդ թվում՝ տեխնոլոգիաների ընտրությանը, ծրագրի նախապատրաստմանը, շուկայի պահանջարկին, կարգավորման պահանջներին, ֆինանսավորմանը և գործառնական ռիսկերին։ Քննարկման ընթացքում նաև դիտարկվեցին իրականացման խոչընդոտների հաղթահարման և համապատասխան տեխնոլոգիաների, տեխնիկական փորձաքննության ու ֆինանսավորման հասանելիության բարելավման գործնական ուղիները։

Ֆինանսավորման ոլորտի փորձագետներն ընդգծեցին, որ բանկային ֆինանսավորմանը համապատասխանող շրջանաձև ծրագրերը հիմնվում են հստակ բիզնես-մոդելի, հումքի կայուն մատակարարման և իրատեսական հետգնման ժամկետների վրա, իսկ վաղ փուլում կատարված տեխնիկական գնահատումն էապես մեծացնում է ծրագրի հաստատման հնարավորությունը։

Միջոցառումը ցույց տվեց, թե ինչպես կարող են բիզնեսները շրջանաձև տնտեսության հնարավորությունները վերածել կենսունակ ներդրումների, ընդ որում GEFF-ը Հայաստանում ծրագիրն ապահովում է ֆինանսավորման և տեխնիկական աջակցության հասանելիություն՝ օգնելով նրանց գտնել, գնահատել և կիրառել համապատասխան տեխնոլոգիաները։

Leave a comment