Ռուսաստանը մտադիր է օգտագործել խաղաղության բանակցությունների նոր փուլը, որպեսզի հասնի այնպիսի զիջումների, որոնք կթուլացնեն ՆԱՏՕ-ի պաշտպանական կարողությունները։ Ակնկալվում է, որ Պուտինը կպահանջի, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կրճատի իր ռազմական ներկայությունը՝ հասցնելով այն 1997 թվականի մակարդակին. այս մասին հայտնել է «The Telegraph»-ը։
Ռուսաստանի նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Եվրոպան պետք է ներգրավված լինի ռուս, ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաների միջև խորհրդակցություններում, քանի որ Եվրոպան վճռորոշ դեր կխաղա հնարավոր համաձայնագրերի ձեռքբերման գործում։
«The Telegraph»-ի դիվանագիտական աղբյուրների, խաղաղ բանակցություններում եվրոպական երկրների ներգրավման հարցում Կրեմլի իրական դրդապատճառն այն է, որ Պուտինը մտադիր է հասնել զիջումների՝ կապված Դաշինքի ընդլայնման հետ. մի գործընթաց, որը բռնապետը բազմիցս որակել է որպես պատերազմի «հիմնական պատճառ»։
Կուլիսներում ռուսական իշխանությունները ակնարկել են, որ պատրաստ են փոխզիջումների գնալ որոշ հարցերի շուրջ՝ պայմանով, որ իրենց հիմնական պահանջները կբավարարվեն։ Գործնականում սա կնշանակի զրկել Ուկրաինային իրական ինքնիշխանությունից և ստիպել Հյուսիսատլանտյան դաշինքին նահանջել արևելյան ուղղությամբ։
Հավանական է, որ Պուտինը կպնդի վերադառնալ ՆԱՏՕ-ի ուժերի այն կառուցվածքին, որը գոյություն ուներ 1997 թվականին՝ նախքան նախկին Արևելյան բլոկի երկրների՝ Դաշինքին անդամակցելու ալիքները։ Սա կենթադրի Դաշինքի ռազմական ներկայության հնարավոր դուրսբերում Լեհաստանից, Լիտվայից, Լատվիայից, Էստոնիայից և Ֆինլանդիայից, որոնք բոլորն էլ սահմանակից են Ռուսաստանի Դաշնությանը։
Անցյալ շաբաթ Մոսկվան ընդունել էր հաջորդ ամիս Աբու Դաբիում տեխնիկական մակարդակով խորհրդակցություններ անցկացնելու առաջարկը։