ՆԳՆ–ում ահազանգերը ստացվել են և՛ անհատներից, և՛ ընդդիմությունից, և՛ իշխանությունից։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 25-ին 21 համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարությունում ստացվել է 54 ահազանգ։ Տեղեկությունը ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Այդ բոլոր ահազանգերը ստուգվել են, դրանցից 10-ը դարձել է հաղորդում։ Սա այսօրվա թարմացված տեղեկությունն է։ Հիմնականում ահազանգերը եղել են քվեարկության գաղտնիությունը խախտելու, մեկից ավելի անգամ քվեարկելու և այլնի վերաբերյալ։ Ունենք նաև մեկ ընտրակաշառքի դրվագ, որը պետք է ստուգվի բնականաբար, քանի որ քաղաքացու ահազանգ է, ոչ թե օպերատիվ աշխատանքի արդյունք։ Մենք բոլոր ահազանգերով նորից ենք անցնելու, ստուգելու»,– ասաց Սարգսյանը։
Շեշտեց` մոնիտորինգ են արել և անում նաև ԶԼՄ–ներում հրապարակված բոլոր նյութերը, հաղորդագրությունները։
Նախարարն ընդգծեց` ահազանգերը եղել են և՛ անհատ քաղաքացիներից, և՛ ընդդիմությունից, և՛ իշխանությունից, ինչպես նաև ԶԼՄ–ներից, դիտորդներից ու վստահված անձանցից։