Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին

Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչն ընդունել է կիրակի երկրում տեղի ունեցած պատմական ընտրություններում ուսանողների գլխավորած բողոքի շարժման հաղթանակը։ Արդյունքը վերջ է դնում նրա երկարամյա իշխանությանը և Բալկանյան երկրում ազդարարում քաղաքական նոր դարաշրջանի սկիզբը, գրում է France 24-ը։

Վուչիչի հայտարարությունից հետո Բելգրադի փողոցներում տոնակատարություններ են սկսվել․ մեքենաներն ազդանշաններ էին տալիս, իսկ ուսանողները վանկարկում՝ «Հաղթանակ» և «Նա վերջացավ»։

Արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել կոռուպցիայի և ավտորիտար միտումների դեմ ուսանողների գլխավորած գրեթե երկու տարի տևած բողոքի ցույցերից հետո։ Բողոքի շարժման պատճառներից մեկը 2024 թվականին Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանի ծածկի փլուզումն էր, որի հետևանքով 16 մարդ էր զոհվել։

«Սիրելի՛ Սերբիա, այսօր երեկոյան ժողովրդի ձայնը լսելի է դառնում։ Այսօր երեկոյան մենք տոնում ենք հաղթանակը, իսկ վաղը կերտում ենք ապագան»,- հայտարարել է Բելգրադի համալսարանի պրոֆեսոր Ռադոմիր Սայչիչը՝ ուսանողների շտաբում նրանց անունից ելույթ ունենալով։

Ընտրություններին մասնակցությունը կազմել է գրեթե 70 տոկոս՝ ամենաբարձր ցուցանիշը 1992 թվականին Հարավսլավիայի փլուզումից ի վեր։ Կիրակի օրը Սերբիայի քաղաքների և բնակավայրերի ընտրատեղամասերի մոտ երկար հերթեր էին գոյացել, ինչը վկայում էր փոփոխությունների լայն հասարակական պահանջի մասին։

«Ակնհայտ է, որ մենք պարտվել ենք այս ընտրություններում։ Ուսանողների ցուցակը հաղթել է․ նրանք կունենան 135-140 մանդատ, իսկ մենք՝ 105։ Խորհրդարան էլ ոչ ոք չի անցել»,- նախնական գնահատական է հնչեցրել Վուչիչը։

CESID-IPSPS սոցիոլոգիական կազմակերպությունների ընտրանքային հետազոտության համաձայն՝ ուսանողների թեկնածուների ցուցակը կստանա 138 մանդատ, իսկ Վուչիչի «Սերբական առաջադիմական կուսակցությունը» (SNS)՝ 104 մանդատ՝ 250 տեղ ունեցող խորհրդարանում։

Օրվա ընթացքում, քվեարկությանը զուգահեռ, լարվածությունն աստիճանաբար աճել է։ Բելգրադի կենտրոնում ոստիկանությունը հակահասարակական անկարգությունների դեմ պայքարի հատուկ հանդերձանքով շրջափակել է ընտրական հանձնաժողովի հարակից տարածքը։ Տեղական լրատվամիջոցները հաղորդել են երկրի տարբեր հատվածներում տեղի ունեցած բռնության մի քանի դեպքերի մասին։ Ոստիկանության հատուկ մեքենաներ են նկատվել նաև Բելգրադի այգու մոտ, որտեղ Վուչիչի կողմնակիցները ճամբար են տեղակայել և ավելի քան մեկ տարի է՝ շարունակում են մնալ։

Թեև ավելի ու ավելի ավտորիտար կառավարման մեջ մեղադրվող Վուչիչը նախկինում բազմիցս կարողացել էր առավելության հասնել Սերբիայի պառակտված ընդդիմության նկատմամբ, առաջնորդ չունեցող երիտասարդական շարժումը նրա համար լուրջ մրցակից դարձավ։ Այն ցնցել է Սերբիայում նրա իշխանության ամուր դիրքերը՝ ավելի քան 14 տարվա ընթացքում, երբ նրա կուսակցությունը գտնվում է իշխանության ղեկին։

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Վուչիչը կնոջ հետ գրեթե երկու ժամ հերթ է կանգնել՝ նախքան քվեարկելը։ Լրագրողների հետ զրույցում նա հույս է հայտնել, որ ընտրական օրը խաղաղ կանցնի, և հայտարարել, որ ինքն ու իր կուսակցությունը կհարգեն արդյունքները։

«Ժողովրդի կամքը Աստծո կամքն է՝ vox populi, vox dei»։ Եթե պարտվենք, կընդունենք ընտրողների կամքը։ Եթե հաղթենք, ոչ ոք չի կարող դա խլել մեզանից»,- հայտարարել էր նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment