ՏԻՄ ընտրություններ Արմավիրում․ Վարշամ Սարգսյանի գլխավորած ՔՊ-ն հավաքել է 13 395 ձայն

Հայաստանում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների շրջանակում Արմավիրի մարզի Արմավիր համայնքում քվեարկության արդյունքներն ամփոփվել են «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության բացարձակ հաղթանակով։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի փոխանցմամբ՝ Վարշամ Սարգսյանի գլխավորած ՔՊ-ի օգտին քվեարկել է 13 395 քաղաքացի, ինչը կազմում է ընտրությանը մասնակցածների ձայների 96.1%-ը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած տվյալների համաձայն՝ Արմավիր համայնքում քվեարկությանը մասնակցել է 13 941 քաղաքացի, իսկ ընտրողների մասնակցության ընդհանուր ցուցանիշը կազմել է 36.73%։ Նշենք, որ Արմավիր համայնքում առաջադրվել էր միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Քվեարկության արդյունքներով համայնքապետի պաշտոնը կստանձնի ՔՊ ցուցակը գլխավորող Վարշամ Սարգսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment