Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հերթական պատմական հաջողությունն է գրանցել միջազգային ասպարեզում։ Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում հայ մարզիկն արժանացել է պատվավոր չեմպիոնի կոչմանը։
Հենացատկի վարժության եզրափակչում Դավթյանը կատարել է երկու անթերի ցատկ՝ երկամարտի հանրագումարում վաստակելով 14,850 միավոր և դառնալով անհասանելի մյուս մրցակիցների համար:
Այս փայլուն հաղթանակով տաղանդաշատ մարմնամարզիկն իր մարզական կարիերայում երկրորդ անգամ նվաճեց աշխարհի առաջնության ոսկե մեդալը՝ ևս մեկ անգամ ապացուցելով իր բարձր վարպետությունն ու առաջատարի դիրքն աշխարհում: